Հունիսի 29-ի վրացական մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլի առաջին էջերում  Թուրքիայի  Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունն է: «Netgazeti.ge»-ն  «Թուրքիա` 2 տարվա ընթացքում 8 ահաբեկչություն» վերնագրով հոդվածում տեղեկացնում  է,  որ  հունիսի 28-ին  Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել  է 41 մարդ:  Պարբերականն այնուհետև վերլուծում է Թուրքիայում ստեղծված իրավիճակը`  նշելով, որ   վերջին երկու տարվա ընթացքում  երկրում տեղի ունեցած թվով 8 ահաբեկչություններից  4-ի պատասխանատվությունն  իր վրա է վերցրել քրդական «TAK» («Քրդստանի ազատության բազեներ»)  զինված խմբավորումը,  միայն 1-ը՝ «Իսլամական պետությունը»:  Մյուս երեք  սարսափելի իրադարձությունների կազմակերպիչները ոչինչ չեն խոստովանել, սակայն, ըստ պարբերականի, ամենայն հավանականությամբ դրանց հետևում ևս   իսլամիստ ծայրահեղականներն են:

ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ,  վրացական լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչ կտա այն Վրաստանին:  Այս առիթով  «Kvira.ge»-ն «Ինչ ակնկալիքներ ունի  Վրաստանը Վարշավայի գագաթնաժողովից» հոդվածում մատնանշում է պաշտպանունակության ամրապնդումը` հավելելով, որ ՆԱՏՕ-ն կգնահատի երկրում առկա առաջընթացը: Թերթը տեղեկացնում է նաև, որ վրացական պատվիրակությունն այս կարևոր իրադարձությանը գլխավորելու է  երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այսպիսով, ըստ հոդվածագրի,  Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքից մեծ աջակցություն է ակնկալում. Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ և հուսալի ռազմավարական գործընկերներից է, որի մասին խոսում է այն, որ դաշինքի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի գործողություններին հաճախ  են կարևորում վրաստանցի զինծառայողների մասնակցությունը:

Թերթերը, առցանց պարբերականները անդրադառնում են նաև ամռան այս օրերին երկրի տարբեր հատվածներում պատուհասած բնական աղետներին:  Ռուսաստանը և Վրաստանը միացնող ռազմավարական  ճանապարհը կրկին փակ է`  սողանքների ու քարաթափումների պատճառով: Վերին Լարս տանող ճանապարհի  800  մետր հատվածը փաստացի գոյություն չունի»,- ահա այսպես է  Ալիք մեդիային բնութագրել իրավիճակը  Վրաստանի  տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների  նախարարության մամուլի պատասխանատու Խաթունա Փայչաձեն:   Նա հույս է հայտնել, որ ճանապարհը, որտեղ կուտակված են հարյուրավոր մեքենաներ, կվերաբացվի 10 օրից:

Իսկ  «Frontnews»-ը անդրադառանում է  Աջարիայում տեղի ունեցած   հորդառատ անձրևների  պատճառած վնասներին: Քեդիի և Շուախևիի շրջաններում 4 գյուղ զրկված է հաղորդակցությունից,  400 ընտանիք էլեկտրաէներգիայից,  մի քանի ընտանիք տեղահանել է: Պարբերականի փոխանցմամբ`  Շուախևիի շրջանում տեղումները շարունակվում են:

«Interpressnews»-ը, վկայակոչելով Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը,  հաղորդում է, որ նախորդ տարվա համեմատությամբ`  վրացական  դեղձի արտահանման ծավալներն ավելացել են:  Սպասվում է, որ այս տարի արտահանվող բերքի  քանակը կկազմի 30 հազար  տոննա: Վրացական դեղձը արտահանվում է Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան,  ավելի փոքր քանակով  նաև Հայաստան և Ուկրաինա:

«Kvira.ge» պարբերականը շարունակում է լուսաբանել Ռուսաստանի կողմից լրտեսության մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիների ազատ արձակման դեպքերին: Ըստ թերթի` Ռուսատանում լրտեսության մեջ մեղադրված Վրաստանի 7 քաղաքացիներ արդեն տուն են վերադարձել:   Հիշյալ թեման Վրաստանի վարչապետի ՌԴ-ի գծով խորհրդական Զուրաբ Աբաշիձեի և  Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի` Պրահայում տեղի ունեցած հանդիպման  օրակարգում է եղել:

 

Թողնել պատասխան