«Kvira.ge»-ն, հղվելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությանը, հաղորդում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դարիալիի կիրճում բնական աղետի հետեւանքով 134-135 կմ ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունը ազատ է:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար է նշանակվել Նանա Լեժավան: Նա այս պաշտոնում փոխարինել է Մայա Թաբագարիին: «Իմեդի»-ի լրատվական բաժնի աշխատակիցները հայտարարություն են տարածել` նշելով, որ նախընտրական շրջանում այս փոփոխությունը ընդունելի է իրենց համար:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանում, Աբխազիայի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ միասին հայտնաբերել են զենքի պահեստ: Ձերբակալվել է 2 անձ: Հաղորդվում է, թե զինապահեստը Վրաստանի հետախուզական-դիվերսիոն խմբի անդամեր Դաթո Շենգելիայի և Բակուր Բուլիսկերիայի գլխավորությամբ է ստեղծվել: Առկա տեղեկատվության համաձայան՝ պահեստում եղել է Կալաշնիկով տիպի ինքնաձիգ, «РПГ 26» տեսակի հակատանկային նռնակ, ինքնաշեն պայթուցիկ սարք և այլն:
«Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ռազմական դատախազությունը, Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզարիայի սպանության մեջ մեղադրվող Ռաշիդ Քանջիօղլիին որպես խափանման միջոց տնային կալանք է սահմանել: Հիշեցնենք, որ Գիգա Օթխոզարիան սպանվել էր Զուգդիդիի շրջանում` մայիսի 19-ին:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխին: Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն` կողմերը խոսել են տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրի, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացի, ՆԱՏՕ-ի Վարշավայում սպասվելիք գագաթաժողովի նախապատրաստական փուլի և բռնագրավված տարածաշրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխին հայտարարել է, որ Լեհաստանի և Վրաստանի հարաբերությունները զարգանում են շատ հաջող, և անվտանգության գերատեսչությունների համագործակցությունը դրա վառ օրինակն է. «Այս այցը Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի և Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի միջև առկա համագործակցության շարունակությունն է: Մեր երկրների միջև առկա հարաբերությունները ունեն մի քանի տարվա պատմություն, և այն հիմնված է երկկողմ քաղաքական աջակցության վրա: 2008 թվականին Լեհաստանի կառավարության գործողությունները դրա վառ ապացույցն է: Մեր երկրների հարաբերությունները հատկապես կարևոր են` հաշվի առնելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները»,- հայտարարել է Պավել Սոլոխը: Մինչ Վրաստանի նախագահի հետ հանդիպելը, Սոլոխը հանդիպում էր ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Իրինե Իմերիշվիլիի հետ: Վերջինս հայտարարել է, որ Վրաստանի և Լեհաստանի ազգային անվտանգության գործակալությունների համագործակցությունը կշարունակվի ավելի սերտ. «Երկու տարի է, ինչ մեր գործակալությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում շատ ակտիվ համագործակցում ենք: Լեհաստանի ազգային անվտագության բյուրոյի ղեկավարի այցը և աջակցությունը Վարշավայի գագաթաժողովին ընդառաջ շատ կարևոր ուղերձ և չափազանց նշանակալից է երկրի համար»,- հայտարարել է Իրինե Իմերիշվիլին:
Վրացական լարին շարունակում է արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ: Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն` հունիսի 24-ին 1 ԱՄՆ դոլարի գինը կկազմի 2.243 լարի, իսկ եվրոյինը` 2.56: