Հունիսի 2-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge» -ն անդրադառնում է  Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլիի հայտարարությանը. «Մենք բոլորս մեկընդմիշտ ոչ պետք է ասենք խոշտանգումներին և դրանց հեղինակներին»:

Խորհրդարանի խոսնակի պարզաբանմամբ`  խոշտանգումները վերաբերում են նաև վաղ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին.  «Նշանակություն չունի` հանցագործությունը տեղի է ունեցել 2004, 2007, 1997 թե 1992 թթ.: Մենք պետք է խոսենք ոչ թե հանցագործության ժամկետի, այլ  անպատիժ մնացած հանցագործների մասին:  Անհրաժեշտություն է այս թեմայի վերաբերյալ համակարգված և անկողմնակալ քննարկումը: Սա ոչ մի կերպ չպետք է դառնա որևէ քաղաքական գործընթացի մասնիկ:  Բոլորս մեկընդմիշտ  պետք է ոչ ասենք խոշտանգումներին և խոշտանգողներին», —Ուսուփաշվիլիի խոսքերն է մեջբերում  «Kvira.ge»-ն:

«Interpressnews»-ը տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Վրաստանում է Չինաստանի հանրապետության պետական խորհրդի  փոխվարչապետ  Չժան Գաոլին: Կարևորելով այս այցը Վրաստան` պարբերականը նկատում է, որ  «Մետաքսե ճանապարհ» նախագիծը գործարկել է  Չինաստանը` ընդգրկելով նաև Վրաստանին:   Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն  զարգացման նախարարությունից «Interpressnews»-ին ասել են, որ  պատվավոր հյուրին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:   Նշելով,  որ Չժան  Գաոլին հունիսի  3-ին հանդիպելու է  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո Կառավարությունում  ստորագրվելու է  «Տնտեսական և տեխնիկական  համագործակցության վերաբերյալ»  համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր:   Չինաստանից ժամանած պատվիրակության  այցը կավարտվի հունիսի 4-ին:

«Frontnews»-ը  «խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցնեն ներքաղաքական լարված պայմաններում» վերնագրած հորդվածում ներկայացնում է  մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի մասին` ԵԱՀԿ-ի  զեկույցը:  11 էջանոց փաստաթղթում ասվում է, որ Վրաստանում հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն լարված միջավայրում: Նրանում տեղ է հատկացվել ընդդիմադիր  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ վերջին զարգացումներին` դատական վեճին, ինչպես նաև  քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեսանյութերի հրապարակումներին:

«Kvira.ge»-ն անդրադառնում է հունիսի   2-ին Բունդեսթագի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչմանը.  «Գերմանիայի խորհրդարանի վերին պալատը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես  ցեղասպանություն»,-  գրում է  «Kvira.ge»-ն, նշելով, որ քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալ Իլդիրիմը Գերմանիայի խորհրդարանում հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը անվանել է «բարեկամության ստուգարք»: Թուրքիայի վարչապետը հիշեցրել է` Գերմանիայում ապրում է 3,5 միլիոն թուրք, այդ թվում 400 ձեռներեց, ովքեր Գերմանիայի տնտեսության մեջ միլիարդների հասնող  դոլար են ներդրել.  «Կարծում եմ, որ Գերմանիան իրավունք չունի կոտրել այդչափ  մեծաքանակ ընտրողների սրտերը»,- հայտարարել է Իլդիրիմը: Վրացական պարբերականը նշում է նաև, որ ցեղասպանության հարցը Գերմանիայում քննարկվում է արդեն մի քանի տարի, իսկ Գերմանիայի նախագահը անցած տարի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները անվանել էր ցեղասպանություն:

Օրվա ընթացքում «Kvira.ge»-ն հրապարակում է  թեմայի շուրջ պարբերաբար հնչող  հայտարարություննները, նշում, որ  Թուրքիան ի նշան բողոքի, Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին:

«Frontnews»-ը  հիշեցնում է`  Կորցխելիում անցած ամիս  տեղի ունեցած միջադեպի  մեղավորները  դեռևս ձերբակալված չեն: Դեպքից անմիջապես հետո իրավապահները  6 անձանց  նկատմամբ մեղադրանք են ներկայացրել, սակայն, միջադեպի մասնակից  մարզիկները ձերբակալված չեն:  «Frontnews»-ը  գրում է նաև, որ ի տարբերություն իրավապահ մարմինների,  «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը  հրապարակել է մեղավորների անունները:  Այժմ ընթանում է նախաքննություն:

«Interpressnews»-ի փոխանցմամբ`  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկություն է հայտնել այցելել «Ռուսթավի 2» և «Տաբուլա» հեռուստաընկերություն` միայն   այն դեպքում, երբ  վերոնշյալ  լրատվամիջոցները    իրենց իսկ «ստերին» պատասխանելու համար բավարար ժամանակ կտրամադրեն իրեն:  «Պատրաստ եմ հանդիպել բոլոր քննադատներիս հետ: Իմ գործունեության նկատմամաբ  նրանց պարզաբանումները կստանան համոզիչ  պատասխան-ասել է Իվանիշվիլին, հավելելով,-ես միայն մեկ պայման ունեմ՝ ինձ տրամադրել   հեռուստածրագրերի մի մասը:  Իմ անձի շուրջ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում: Տրամադրված ծրագրի  առաջին մասում կխոսեմ  իմ մասին, երկրորդում  կպատասխանեմ  լրացուցիչ հարցերին»,-հայտարարել է Իվանիշվիլին:

«Ռուսթավի 2»  հեռուստաընկերությունը  տեղեկացնում է, որ այսօր Վրաստանում նշվում է ոստիկանության մասնագիտական տոնը:  Տոնին նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել  Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, այնուհետև  պարգևատրել համակարգի մի շարք աշխատակիցների.  «Մենք հանցավորության դեմ անզիջում  պայքար ենք հայտարարել  և դրանում յուրաքանչյուրի որոշումը կարևոր նշանակություն ունի»,— հայտարարել է Մղեբրիշվիլին:  ՆԳ  նախարարի խոսքով`  նոր իշխանությունների օրոք ոստիկանական համակարգն ապաքաղաքականացվել է.  «2012 թվականից հետո Ոստիկանությունը ապաքաղաքականացվել է:  Դա է հիմնական ձեռքբերումը », -հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարը:  Տոնի առիթով ներկաներին շնորհավորել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` ընդգծելով համակարգի բարեփոխումները:

«Ռուսթավի 2»-ը  շարունակում է անդրադառնալ նաև  նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` օրերս հրապարակած բաց նամակին:  Վկայակոչելով  «Առաջին» հեռուստաընկերության  եթերում   «Ազգային ֆորումի»  ղեկավար Գուբազ Սանիկիձեի հայտարարությունը` նշում է, թե Իվանիշվիլիի  նամակը  գրված է  տգետ մի մարդու կողմից:  Սանիկիձեի  կարծիքով` Իվանիշվիլին գտնվում է  շրջապատի ազդեցության տակ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե Իվանիշվիլին շարունակում է  կառավարել  երկիրը կուլիսների ետևից:  Ի  պատասխան,  Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է` «Գուբազ Սանիկիձեն ու նրա հայտարարությունը իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում»:
«Ալիք»  մեդիան առաջիկա օրերին կներկայացնի Բիձինա Իվանիշվիլիի հիշյալ նամակի  ամբողջական տեքստը  հայերենով:

 

Թողնել պատասխան