Հուլիսի 7-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում տիրող լարված իրավիճակը:

«Interpressnews» պարբերականը մասնավորապես գրում է, որ Աբխազիայի վարչապետ Արթուր Միքվաբիան պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ  հանդիպումներ կունենա ՌԴ կառավարության անդամների հետ: Լրատվամիջոցը Արթուր Միքվաբիայի այցը Մոսկվա կապում է  Աբխազիայում տիրող իրավիճակի հետ: «Interpressnews»-ը ընթերցողներին հիշեցնում է, որ իրավիճակը հսկողությունից գրեթե դուրս է եկել հուլիսի 5-ին՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը պահանջել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Լեոնիդ  Ձամշբայի հրաժարականը: Ցուցարարները փորձել են գրոհել գերատեսչության շենքը`հրկիզելով այն:  Լեոնիդ Ձամշբայի լիազորությունները դադարեցվել են: Հրաժարականի պատրաստակամություն է հայտնել նաև նախագահ Ռաուլ Խաջիմբան: Ընդիմությունը պահանջում է նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ նախապես հայտարարված հանրաքվեի օրը  հետաձգել:

Վրաստանյան լրատվամիջոցներում ոչ պակաս լուսաբանվում է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը Վրաստան: Մամուլի տարբեր միջոցներում նշվում է,  որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Թբիլիսի իր կարճատև պաշտոնական այցի ընթացում կարևոր մեսիջներ է արել:  Այցի ժամանակ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության  և անվտանգության ոլորտում համաձայնագիր է ստորագրվել:  «Netgazeti.ge»-ն  «Ի՞նչ է ենթադրում վրաց-ամերիկյան հուշագիրը» վերնատառով հոդվածում փորձում է պարզել, թե ինչ է նշանակում այն: Վրաստանի ԶՈՒ-ի  պաշտպանական կարողությունների ամրապնդում, պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցություն, ռազմական բնույթի տեղեկատվության փոխանակում: Փաստում է վրացալեզու  պարբերականը` հիշեցնելով, որ համաձայնագիրը ստորագրել են  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և  ԱՄՆ-ի  պետքարտուղար Ջոն Քերին:

«Netgazeti.ge»- ն գրում է նաև, որ օրինակ պաշտպանության ոլորտում համաձայնագիրը ենթադրում է ԱՄՆ-ի աջակցությամբ զենք  և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում,  վրաց զինվորականների վերապատրաստում,  ծառայությունների մատուցում ու աջակցություն: Դա  կօգնի Վրաստանի ԶՈՒ-ի  և պաշտպանության կարողությունների երկարաժամկետ կայունությանը:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանքի»  կազմում գտնվող «Արդյունաբերողներ» կուսակցության   առաջնորդ Գոգի Թոփաձեն համաձայն չէ  Ջոն Քերիի հայտարարությունների հետ: Ավելին, Թոփաձեն ԱՄՆ-ին մեղադրում է երկակի  ստանդարտներ կիրառելու մեջ և հիշեցնում` «տարիներ առաջ, երբ վրաստանյան ընտրություններում քվեատուփերը լցոնվում էին քվեաթերթիկներով,  ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները  որևէ հայտարարություն չէին անում»:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի հետ վիզայի ազատականեցմանը: Զեկույցը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ադրես Մամիկինսը, նշելով, որ Վրաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները և արժանի է վիզային ռեժիմի ազատականեցմանը: Նիստին քվերակել են նաև Ուկրայինայի և Կոսովոյի հետ վիզայի ազատականացման օգտին:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Յոհաննես Դաումայի հետ: Հանդիպմանը քննարկել են երկրի  նախընտրական իրավիճակը և Լեյբորիստական կուսակցության ծրագրերը: Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը այս օրերին  հանդիպումներ է  ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների  հետ: «Հանդիպել եմ նաև Վրաստանում հիմնված  որպես ամենահին կուսակցություններից մեկի` Լեյբորիստական կուսակցության առաջնորդի հետ:  Պարոն Շալվան նախընտրական իրավիճակի մասին արտահայտեց իր տեսակետը, ծանոթացրեց նաև իր գլխավորած կուսակցության ապագա ծրագրերին»,-հայտարարել է Յոհաննես Դաուման:  Ըստ «Ռուսթավի 2»-ի`  Շալվա Նաթելաշվիլին իր հերթին տեղեկացրել է, որ  Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ նախընտրական իրավիճակի վերաբերյալ  հանգամանալից քննարկում է ունեցել:

Վրացական մամուլը ուշադրության կենտրոնում է պահում նաև ազգային արժույթի` լարիի փոխարժեքի տատանումների հետ  կապված թեման: Վրաստանի կենտրոնական բանկը սահմանել է հուլիսի 8-ի լարիի պաշտոնական փոխարժեքը, ըստ որի`  ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.0108 տոկոսով:  ԱՄՆ 1 դոլարի գինը հուլիսի 8-ին  կկազմի 2.3302 լարի: Ազգային արժույթը  եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.0152 լարիով` կազմելով  2.5823 լարի:

 

 

Թողնել պատասխան