Հուլիսի 27-ին վրաստանյան մամուլի գրեթե բոլոր միջոցները լուսաբանեցին վարչապետի հետ կառավարության անդամների հանդիպումը: «Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա են եղել ներքին գործերի, արդարադատության, արտաքին գործերի, կրթության և մշակույթի նախարարները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության պետ Վախտանգ Գոմելաուրին: Վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո կառավարության անդամները մեկնաբանություններ չեն արել, իսկ կառավարության աշխատակազմից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հուլիսի 28-ին նախատեսված է Կառավարության նիստ:
Լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոճուրային առընչվող գործին: «Interpressnews»-ի փոխանցմամբ, Գոգոճուրան այսօր լքել է դատախազության շենքը` առանց որևէ մեկնաբանության: Հարցաքննությունը տևել է 4 ժամ: Գոգոճուրան դատախազությունում է եղել փաստաբան Սոսո Բարաթաշվիլիի հետ: Վերջինս հայտարարել է, որ իրավապահների կողմից Գոգոճուրայի նկատմամբ եղել են օրենքի խախտումներ:
«News.ge» պարբերականը իր հերթին հրապարակեց Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլիի՝ նախագահի փեսայի գործին վերաբերող մեկնաբանությունը: Խուցիշվիլիի խոսքով` Մինդիա Գոգոճուրայի նկատմամբ իրավապահներն ընդամենն ընթացակարգային քայլեր են իրականացրել:
«Նախագահի հայտարարության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Ոստիկանությունը օրական նման 10 գործողություն է իրականացանում: Սա հատուկ գործողություն չէ, նորմալ գործընթաց է, ոստիկանությանը բնորոշ»,— հայտարարել է Խուցիշվիլին:
«Netgazeti.ge»-ն գրում է, որ ՆԳՆ-ին կից պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի անվտանգության գործակալության փոխտնօրեն Դավիթ Մեկղանծիշվիլիին: Հայտարարության համաձայն` հետաքննությունը պարզել է, որ Մեկղանծիշվիլին Թբիլիսիում 8271 քառակուսի մետր հողատարածք աճուրդի հանելու գործընթացը արագացնելու նպատակով` օտարերկրյա գործարարից պահանջել է 50 հազար լարի: Նշվում է, որ 10 հազար լարին նա պահանջել է նախապես` մինչ գործը սկսելը: Հետաքննությունն ընթանում է խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով` Վրաստանի ՔՕ-ի 338-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ինչ նախատեսում է 11-15 տարի ազատազրկում: Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության կողմից:
Աբխազիայի խորհրդարանը գլխավոր դատախազ Ալեքսի Լոմիային ազատել է աշխատանքից: «Interpressnews»-ը անդրադառնալով թեմային, գրում է, որ «խամաճիկային ռեժիմի առաջնորդը դե ֆակտո խորհրդարանին հուլիսի 26-ին ներկայացրել է Լոմիայի հրաժարականը: Դե ֆակտո խորհրդարանի այսպես կոչված խոսնակ Վալերի Բգանբայի հայտարարության համաձայն, Լոմիան անձամբ է գրել իր հրաժարականի դիմումը, իսկ նախագահը միայն ներկայացրել է այն»,-այսպես է եզրափակում «Interpressnews»-ը: