Հուլիսի 11-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլում այսօր առավելապես խոսվեց Թեա Ծուլուկիանիի հայտարարության մասին, առ այն, որ չի նախատեսվում Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի վաղաժամ ազատ արձակումը:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի արդարադատության նախարարը այսպիսի հայտարարություն է արել Ստրասբուրգի դատարանի որոշումի նախօրեին: Ըստ պարբերական` Ծուլուկիանին հայտարարել է, որ Մերաբիշվիլին ազատ չի արձակվի`  անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի Ստրասբուրգի դատարանը:
«Մենք չենք կարծում, որ Վանո Մերաբիշվիլիի դատական գործը յուրահատուկ է, կամ այնպիսի կարեւորության, որ դրա համար Ստրասբուրգի դատարանի հայց է պահանջվում: Սա սովորական բանտարկյալի սովորական բողոք է, այդ իսկ պատճառով ես չեմ պահանջել բանավոր լսումներ: Դա կլիներ ռեսուրսների վատնում: Վաղը որոշում կկայացվի, սակայն ինչպիսին էլ այն լինի, պարոն Վանո Մերաբիշվիլին բոլոր բանտարկյալների նման այլևս նախնական կալանքի տակ չէ, նրանք իրենց պատիժն են կրում, և կոնկրետ պարոն Իվանե Մերաբիշվիլիի դեպքում չի նախատեսվում վաղաժամ ազատ արձակելու որոշում, հետևաբար վաղվա որոշումը չի կարող ազդել այս գործի վրա»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Պարբերականը նաև ներկայացնում է Վանո Մերաբիշվիլիի դատական գործի մանրամասները` ընթերցողին հիշեցնելով, որ նա եղել է Վրաստանի վարչապետ, իսկ մինչ այդ` ներքին գործերի նախարար: Մերաբիշվիլիին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսի 21-ին: Նա մեղադրվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, իսկ ավելի ուշ, նրա դեմ ևս մի քանի մեղադրանք էր ներկայացվել:
Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են Սիրիայում ռազմական գործողություններին մասնացկող Վրաստանի քաղաքացիների վերաբերյալ նյութեր հրապարակել: Մասնավորապես «Kvira.ge» պարբերականը տեղեկանում է, որ Սիրիայում զոհվել է Պանկիսիի կիրճի բնակիչ, 26-ամյա Բեքխան Տոխոսաշվիլին: Առկա տեղեկատվության համաձայն`  նա մեկնել է Սիրիա 2014 թվականին:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը Հայաստանի ուղղությամբ բնական գազի տարանցումը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվություն է տարածել: Բնական գազի տարանցումը դադարեցված կլինի մինչև օգոստոսի 10-ը ներառյալ, ինչը համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի դաշնության հետ: «Interpressnews» պարբերականը հրապարակել է ընկերության կողմից տարածած հայտարարությունը. «Ղազախ-Սագուրամո» տարանցիկ DN-1000 գլխավոր գազատարի վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Այդ իսկ պատճառով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը ներառյալ ամբողջովին կդադարեցվի բնական գազի տարանցումը դեպի Հայաստան: Այս ամենը համաձայնեցվել է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ: Հատկանշական է, որ նման վերականգնողական աշխատանքներ վերջին 30 տարիների ընթացքում չի իրականացվել: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, կիսով կավելանա գազատարի արդյունավետությունը և անվտաանգությունը, ինչպես նաև կկրճատվի խողովակաշարից բնական գազի կորուստը»,-  նշված է հայտարարության մեջ:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ`  Ռուսաստանի նախարարների կաբինետը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի հետ համաձայնությունը: Փաստաթուղթը նախատեսում է համատեղ ռազմական խմբերի ստեղծում: Ռուսաստանի նախագահը այս փաստաթղթի վավերացման համար այն պետք է ներկայացնի խորհրդարանի պալատների հաստատմանը: Համաձայնությունը ստորագրվել է նախորդ տարվա նոյեմբերին, իսկ Ռուսաստանի կառավարությունը հատուկ բանաձև է ընդունել և օրենսդիր մարմնի կողմից աջակցել փաստաթղթի վավերացմանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր պապիկ է դարձել: «Անչափ երջանիկ եմ: Իմ փոքր աղջկան մաղթում եմ առողջություն և որ նա ապրի միացյալ Վրաստանում»:

 

Թողնել պատասխան