Հուլիսի 12-ին վրաստանյան մամուլն առավելապես խոսեց Իտալիայում տեղի ունեցած պատահարի մասին:
Իտալիայի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ: «Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել Իտալիայի Բարիս քաղաքի մոտակայքում երկաթուղային աղետի վերաբերյալ: Գերատեսչությունը նաև իր զորակցությունն է հայտնել Իտալիայի կառավարությանը:
Վրաստանյան լրատվամիջոցները նաև ակտիվ լուսաբանում են նախընտրական շրջանը: «Netgazeti.ge»-ն տեղեկացնում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է, թե «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները նրան առաջարկել են լքել կուսակցությունը և անհատապես համագործակցել: Ուսուփաշվիլիի խոսքերով` նման առաջարկ են ստացել նաև հանրապետական այլ նախարարներ:
« Իմ և «Վրացական երազանք»-ի առաջնորնդերի միջև կապ հաստատվեց, և ես առաջարկ ստացա լքել Հանրապետական կուսակցության շարքերն ու առանձին մասնակցել ընտրություններին՝ շարունակելով համագործակցությունը: Խոսքը վերաբերել է նաև այլ հանրապետական նախարարներին: Սակայն մեր պատասխանն ասպիսին էր, որ եթե «Վրացական երազանք»-ը ուզում է մեզ հետ ընտրություններից առաջ և հետո շարունակել հարաբերությունները, ապա մենք կարող ենք այնպես անել, որ հանրապետական նախարարները մինչև ընտրությունների ավարտը մնան իրենց պաշտոններում: Ի պատասխան, «Վրացական երազանքից» ասել են, որ դա իրենց համար անընդունելի է, քանի որ նրանք նախարարների պաշտոնում կմնան միայն այն ժամանակ, երբ լքեն կուսակցության շարքերը»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:
Հուլիսի 12-ին Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը միջոցառում է կազմակերպել` նվիրված Բաստիլիի գրավմանը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ևս մասնակցել է միջոցառմանը, շնորհավորել ֆրանսիացիներին` իրենց ազգային տոնի կապակցությամբ: «Interpressnews» պարբերականը հրապարակել է վարչապետի շնորհավորանքը: «Դժվար է գերագնահատել Բաստիլիի գրավումը և Ֆրանսիայի հեղափոխության կարևորությունը: Այս հեղափոխությունը գլոբալ ժողովրդավարական շարժման նախատիպ է, ինչով սկսվել է նոր դարաշրջան: Ֆրանսիայի համար այն նշանակում է եռագույն դրոշ, հանրապետություն, մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի ծնունդ: Հենց այս ժամանակաշրջանում է ծնվել Ֆրանսիական կարգախոսը՝ liberté, égalité, fraternité (Ազատություն, հավասարություն, եղբայրություն), ինչը տարբերում է ֆրանսիացիների բնությունը և դրա հետ մեկտեղ արտացոլում Վրաստանի եվրոպական ճանապարհը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը անադրադարձել է նաև վրաց-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին: Կվիրիկաշվիլիի խոսքերով` դրանք զարգանում են նաև գյուղատնտեսական ոլորտում` ներառելով գինու արդյունաբերությունը, որը ըստ վարչապետի երկու երկրների հպարտ ժառանգությունն է: Ֆրանսիայի դեսպանատան կողմից կազմակերպված ընդուլնելությանը ներկա են եղել նաև Վրաստանի գործադիր և օրենսդիր ճյուղերի կառավարության անդամներ, դիվանագետներ և հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչներ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ներկայացնելով ընտրական ծրագիրը, խոսել է Կառավարությունից հեռանալու պատճառները վերաբերյալ: «Պաշտպանության ոլորտում մեր դիտարկումները իրար չեն համապատասխանում, և հրաժարվեցին մի ծրագիրց, ինչը Վրաստանի երկինքը կդարձներ պաշտպանված, և մեր զինվորները կարող էին ավելի արդյունավետ պաշտպանել մեր երկիրը: Տնտեսության ոլորտում մենք չէինք ստանձնել որևէ պատասխանատվություն, քանի որ այդ թիմում նախարար չունեինք»,— հայտարարել է Ալասանիան:
«Ազատ դեմոկրատներ»-ը ընտրական ծրագրում կենտրոնանում է հատկապես տնտեսության զարգացման և սոցիալական ասպեկտերի վրա: Նրանք ընտրողներին խոստանում են 300 լարի կենսաթոշակ և 500 լարի նվազագույն աշխատավարձ: Ինչպես նաև նախատեսում են բարեփոխել առողջապահության ոլորտը: Կուսակցության համար առաջնային է նաև կրթության ոլորտը: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: