Հոգևորական Գիորգի Մամալաձեին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել: Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն` ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ դատախազությունը գործ ունի շահախնդրության, պաշտոնի և նյութական օգուտ ստանալու նպատակով կանխամտածված սպանություն նախապատրաստելու հետ, ինչի հիման վրա 2017 թվականի ապրիլի 26-ին, Գիորգի Մամալաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 18, 109 հոդվածի 3-րդ կետի «Բ» ենթակետի հատկանիշներով (Շահախնդրության համար կանխամտածված սպանություն):
«Հետաքննությունը պարզել է, որ 2015 թվականի նոյեմբերից Գիորգի Մամալաձեն զբաղեցրել է պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության պետի պաշտոնը: Աշխատելու ժամանակ նա բացասական վերաբերմունք է ցուցաբերել պատրիարքի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի նկատմամբ:
2016 թվականի հունվարի 4-ին Գիորգի Մամալաձեն ազատվել է աշխատանքից, ինչը վերջինս կապել է Շորենա Թեթրուաշվիլիի հետ, չնայած միևնույն ժամանակ նշանակվել է վերոնշյալ աշխատանքի պետի տեղակալ և «Վրաստանի պատրիարքարանի սուրբ Իոակիմեի և Աննայի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:
Չնայած Վրաստանի պատրիարքարանի տարբեր ծառայություններում զբաղեցրած բարձր պաշտոններին, Մամալաձեն կարծել է, որ նշված աշխատանքային դիրքերն իր անձնական որակների համեմատ ցածր են եղել: Գիորգի Մամալաձեն կարիերայի առաջընթացը դիտարկել է Վրաստանի պատրիարքարանում բարձր պաշտոններ զբաղեցնելով, որը նրան հնարավորություն կտար պատրիարքարանի համակարգում առկա քաղաքացիական պաշտոններին նշանակել իր մտերիմներին և, այդպիսով, իր ազդեցությունն ընդլայներ: Դրա հետ մեկտեղ, Գիորգի Մամալաձեն այս ամենի համար խոչընդոտ է համարել Շորենա Թեթրուաշվիլիին և կարծել է, որ Թեթրուաշվիլին ցանկանում է իրեն ազատել բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից:
Առկա նյութական և հիերարխիկ կարգավիճակը պահպանելու և ապագայում կարիերային առաջընթաց ապահովելու համար, Գիորգի Մամալաձեն նախապատրաստել է Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը` թունավոր նյութերի օգնությամբ:
2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Շորենա Թեթրուաշվիլիի և այլ անձանց հետ մեկտեղ բուժում ստանալու համար մեկնել է Գերմանիա: Գիորգի Մամալաձեն ստեղծված իրավիճակը համարել է բարենպաստ, քանի որ օտար երկրում հանցագործություն կատարելու դեպքում բոլոր կասկածները կհեռացվեր իրենից, և թունավոր նյութերի օգնությամբ առաջացված մահն ու հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելը կդժվարանար:
Գիորգի Մամալաձեն կարճ ժամանակահատվածում Շորենա Թեթրուաշվիլիին սպանելու համար ձեռք է բերել 0.8740 գրամ թունավոր նյութ` «նատրիումի ցիանիդ» պարունակող փոշի: 2017 թվականի փետրվարի 10-ին, Գերմանիա ուղևորվելիս, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է, իսկ իր ուղեբեռից առգրավվել է գաղտնի պահված, սպանություն գործելու համար նախատեսված «նատրիումի ցիանիդ»:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը կանխամտածված սպանություն է նախապատրաստել շահախնդրություն, պաշտոն և նյութական օգուտ ստանալու համար: Ելնելով վերոնշյալից, գործը դատարանում քննվում է ՔՕ 18, 109 հոդվածի 3-րդ կետի «Գ» ենթակետի հատկանիշներով, ինչը ենթադրում է 16-20 տարվա ազատազրկում:
Վերոնշյալից բացի, Գիորգի Մամալաձեն մեղադրվում է նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու մեջ (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ կետ):
Մինչդատական նիստը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում»,- ասված է դատախազության հայտարարության մեջ: