2017 թվականի դեկտեմբերի 7-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեց Վրաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը՝ դեսպանության ողջ աշխատակազմի հետ միասին և իր խոնարհումը բերեց Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հոգևոր դասի մասնակցությամբ կատարեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր հայրը անդրադարձ կատարեց Հայաստանում աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, արժևորեց աշխարհի երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ կարևորեց հարևան քրիստոնյա Վրաստանի և վրաց ժողովրդի օգնությունը և, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ցուցաբերված աջակցության մասին:
Հոգևոր հայրը նաև շնորհավորեց պարոն Սադոյանին Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ և գնահատեց նրա հարգանքի տուրքը երկրաշարժի զոհերի հիշատակին:
Հոգեհանգստյան արարողությունից հետո պարոն Սադոյանը հոգևոր հոր և առաջնորդարանի պաշտոնեության ուղեկցոթյամբ շրջայց կատարեց «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում, ծանոթացավ նախակրթարանի, ստեղծագործական խմբերի պարապմունքներին, զրուցեց ուսուցիչների հետ:
Նորանշանակ դեսպանը առաջարկեց երկու կառույցների՝ Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության ծրագրերն իրականացնել համակարգված, որն, անշուշտ դրական արդյունք կբերի Վրաստանում Հայաստանը և վիրահայ համայնքը արժանապատվորեն ներկայացնելու գործին:
Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի զոհերի հիշատակին կատարված հոգեհանգստյան պաշտոնին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում ներկա էր Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը տիկնոջ հետ: Ծիսական արարողությունից հետո տեղի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում կայացավ հիշատակի միջոցառում և ֆիլմի ցուցադրություն:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան արարողությանը ներկա էին շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը և քաղաքապետ Յուրի Ունանյանցը:
Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը շարունակում է իր աղոթքով հայցել խաղաղություն անմեղ նահատակների հոգիների համար և մոմ վառել նրանց հիշատակին:
1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ:
Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ շուրջ 20 000 մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասցվեց գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ:
Հոդվածն ամբողջությամբ արտատպվել է «armenianchurch.ge» կայքից