Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի:
Ներկաները մոմ վառեցին նահատակների հոգու խաղաղության համար.
«Ամեն տարի այս օրը շատ դժվար է լինում բառեր գտնել, մեկս մյուսիս մխիթարելու կամ վերհիշելու համար: Դեկտեմբերի 7-ին մեր սպիները կրկին վերք են դառնում, երբ նորից վերապրում ենք այդ ամենը: Երկրաշարժը Մեծ Եղեռնի նման մի աղետ էր, որ ոչ մի սերունդ չի մոռանա: Բայց մեր ազգը մի հետաքրքիր կամք ունի, որը հնարավորություն է տալիս մեզ ապրել, արարել ու ստեղծել»,-ասում է Տեր Վիրապը:
28 տարի առաջ, 1998-ի դեկտեմբերի 7-ին, 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջանում գրանցված ուժգին ցնցումները, որ հետագայում Սպիտակի երկրաշարժ կոչվեցին, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան և բազմաթիվ ավերածությունների պատճառ դարձան: Աղետն ընդգրկեց երկրի տարածքի մոտ կեսը: Ըստ պաշտոնական վարկածի՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գերազանցել է 10 բալը: Ավելի քան 25 հազար զոհ, 17 հազարը Գյումրիում, 13 հազար հոսպիտալացված, 514 հազար անօթևան, ավիրված 21 քաղաք ու շրջան, 342 գյուղ: ՀՀ տարածքում գրանցված երբևէ ամենաուժգին երկրաշարժը րոպեների ընթացքում հիմնովին ավիրեց Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները:
Աղետի առաջին ժամերից սկսած՝ հարևան պետություններն աջակցության ձեռք մեկնեցին: Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Վրաստանն առաջիններից էր, որ արձագանքեց հարևանի դժբախտությանը: Հայաստան տեղափոխվեց դեղորայք, բուժսարքավորումներ, տեխնիկա, վրաններ, սնունդ: Վրաստանյան Փրկարարական ջոկատներն անհապաղ տեղ հասան, մարդկային և նյութական ռեսուրսն օգտագործվեց՝ հայի ցավն ինչ-որ կերպ մեղմելու համար:
Վրաստանի ԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի 16-րդ առաջին քարտուղար Ջումբեր Պատիաշվիլին ևս առաջիններից էր, ով իր աչքով տեսավ Հայաստանը, արհավիրքից ժամեր հետո: Խորհրդային Վրաստանի նախկին առաջնորդը, 28 տարի անց այսօրվա նման հիշում է՝ ինչպես Սպիտակ հասան. «Մենք առաջինը հայտնվեցինք դեպքի վայրում, նույնը օրը ևեթ ուղղաթիռով շարժվեցինք դեպի Ախալքալաք, հիվանդանոցներն արդեն լի էին Հայաստանից բերած տուժածներով: Հետո գնացինք Սպիտակ, ապշած էինք՝ ավիրված քաղաքը տեսնելով: Հողի հետ հավասարեցված էր: Անհնար է մոռանալ այդ ամենը, կարելի է ասել, որ դժբախտությունը ինչ որ չափով միավորեց մեզ: Պետք է միշտ հիշել, որ մենք մի միասնություն ենք և միահամուռ ուժերով պետք է հաղթահարել բոլոր բարդությունները: Վրաստանից Սպիտակ մեկնեցին փրկարարակնա ջոկատներ, բժիշկներ, ուղարկվեց դեղորայք և այլ տեսակի օգնություն: Հնարավորության շրջանակներում արեցինք ամեն ինչ: Կցանկանայի ապագա սերունդները նույնպես գիտակցեին, թե ինչ դեր ունեցանք մենք այդ դժբախտության պահերին: Մենք արեցինք այն, ինչ պետք է աներ իսական հարևանը, բարեկամը, եղբայրը և քույրը: Կուզենայի շնորհակալություն հայտնել իմ Հայաստանյաց ընկերներին, ովքեր նույն սրտացավությամբ պատասխանեցին, երբ դժբախտության դեմ կանգնեց նաև Վրաստանը՝ ապրիլի 9-ին: Դա է իսկական ընկերությունը» (Խմբ.՝ 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ժամանակ զոհվեցին խաղաղ ցուցարարներ):
Սբ Էջմիածին եկեղեցի էր այցելել նաև Վրաստանի Խորհրդարանի Իսանիի ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Դավիթ Ճիճինաձեն. «Երկրաշարժը մեծ դժբախտություն էր նաև մեր՝ վրացիներիս համար, Վրատանը առանձնանում էր նրանով, որ շուրջ 500 000 հայ էր ապրում Վրաստանում և դժբախտությունը այս կամ այն կերպ անդրադարձել է գրեթե բոլոր ընտանիքների վրա: Վրաստանն իր հերթին ՝ մարդկային և նյութական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է այդ դժբախտությունը հաղթահարելու, և տուժածներին օգնելու վրա»:
«Աշխարհասփյուռ հայության համար դեկտեմբերի 7-ը ծանր խոհերի օր է: 1988-ը բեկումնային տարի եղավ մեր ժողովրդի համար, մեր ժողովուրդը անցնելով դժբախտությունների միջով՝ բռնցքվեց և ծնվեց համահայը, այն համահայը, որ այսօր հատկապես երևում է մեր երիտասարդ սերնդի մեջ,— ասում է Թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանը,- Տեսնել և զգալ ցավը մի բան է, չտեսնել, բայց գիտակցորեն զգալ՝ բոլորովին այլ բան: Ես ուզում եմ շնորհակալությունը այս նոր սերնդին հայտնել»:
Տարիներ տեւած շինարարական աշխատանքներից հետո, 28 տարի անց էլ ամբողջովին վերացված չեն 88-ի աղետի հետեւանքները, լուծված չէ անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը:
Հոդվածի աուդիո տարբերակին ծանոթացեք այստեղ :
https://www.youtube.com/watch?v=DNmLYkyxCu8