«Եթե օրենքն ինձ հնարավորություն չտվեց, «Ռուսթավի 2»-ում կլինեմ հյուրի կարգավիճակում, բռնի ուժով չեմ ավերի «Ռուսթավի 2»-ը»,- մինչեւ Ստրասբուրգի դատարանի կողմից կայացված որոշման հրապարակումը լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել գործարար Քիբար Խալվաշին:
Խալվաշիի խոսքով, նա փորձում է օրենքի շրջանակներում իրականացնել բոլոր գործողությունները եւ կվարվի օրենքի թելադրանքով:
«Որոշումը կայացված է (նկատի ունի Վրաստանի գերագույն դատարանի կայացրած որոշումը խմբ.) ես հաղթել եմ եւ «Ռուսթավի 2»-ի սեփականության իրավունքն ինձ է շնորհվել»,-ասել է գործարարը:
Հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ռուսթավի 2»-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը կասեցրել է: Նամակում ասվում է.
«2017 թվականի մարտի 3-ին դատարանը, ելնելով կողմերի շահերից և ընթացակարգերի համապատասխան պաշտպանությունից, 39-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում կասեցնել 2017 թվականի մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռը. Վրաստանի իշխանությունները պետք է բացառեն հեռուստաընկերության խմբակցության քաղաքականությանը ցանկացած միջամտություն: Որոշումը կտևի մինչև մարտի 8-ը: Կողմերի ուշադրությունը կենտրոնացնում ենք այն փաստի վրա, որ, եթե անդամ երկիրը չի իրականացնում 39-րդ հոդվածով նախատեսված պահանջները, դա համարվում է կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում»: