ՀՀ վարչապետը հանրապետական կուսակցությունից չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 24-ին ասուլիս է հրավիրել և պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ներկայացնելու հանրապետական կուսակցությունը. «Այդ կուսակցությունը (նկատի ունի ՀՀԿ-ն՝ խմբ.) վերածնվելու որևէ հնարավորություն չունի: Հայերը կատակով ասում են՝ 7 տոկոսն ավելի շատ էր  քան 93-ը։ Մենք ունենք երկրի  բնակչության 90 տոկոսի և սփյուռքի աջակցությունը, հանրապետական կուսակցությունից որեւէ թեկնածու չի լինի ՀՀ վարչապետ, հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է, ՀՀԿ-ից ուրվականն է մնացել, ՀՀԿ գոյություն չունի»,- ասել է Փաշինյանը:

Իր՝ վարչապետ լինելու հավանականության հետ կապված հարցին Փաշինյանը պատասխանել է, որ ժողովրդի կողմից նման պահանջի դեպքում ինքը չի հրաժարվի, և կարծում է, որ այդպես էլ լինելու է:

Փաշինյանը խոսել է նոր ընտրությունների նշանակման մասին: Ըստ նրա՝ պետք է վերականգնել ժողովրդի վստահությունն ընտրությունների հանդեպ, պետք է նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներ ձեռնարկել:

Չկա մի ուժ, որ կարողանա դիմակայել ժողովրդին՝ ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով օրերս վարչապետ էր ընտրվել, հանրության բողոքից հետո նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել, հրաժարական է տվել նաև կառավարությունը:

 

Թողնել պատասխան