Հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումները Վրաստանում մեկնարկեցին պաշտոնական ընդունելությամբ, որը տեղի ունեցավ հունվարի 26-ին: Հունվարի 28-ին Թբիլիսիի առաջնորդանիստ Սբ. Գեւորգ եկեղեցու բակում` ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում հուղարկավորված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին:Այս զինվորների ներդրումը մեծ է ՀՀ ԶՈՒ տարած հաղթանակներում:
Ալիքի հետ զրույցում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը նշեց. «Այսօր պատիվ ունեցանք մեր հարգանքի տուքը մատուցելու Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցու բակում ամփոփված մեր զորավարների շիրիմներին: 600 տարվա պետականության բացակայության պայմաններում մենք միշտ ունեցել ենք հայոց զորք, հայ զինվորականություն, հենց այդ զինվորականությունն է ստեղծել հայկական սպայական դպրոցը: Ոչինչից ոչինչ չի ստեղծվում, հայոց բանակը դատարկ հողի վրա չի վերակազմավորվել, ո՛չ 1918, ո՛չ էլ 1992թ-ին: 25-ամյակի հետ մենք նշելու ենք մեր վերակազմավորված բանակի առաջին իսկ հաղթանակները:»
Սբ. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում, վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իրականացրեց հոգեհանգստյան արարողություն, ներկաները մոմեր վառեցին` ի հիշատակ նահատակված հայ զինվորների:
«Հայոց բանակը դա մեր պաշտպանն է, բանակի թիկունքում մեր ժողովուրդն իրեն պաշտպանված է զգում: Բանակը գոյություն չունի նաեւ առանց թիկունքի: Ուզում եմ շնորհավորել այն մարդկանց, ովքեր ղարաբաղյան պատերազմում գտնվում էին թիկունքում եւ ամեն կերպ օգնում մեզ: Ոչ միայն այն ազատամարտիկները, ովքեր կռվում էին մարտի դաշտում, այլեւ նրանք, ովքեր թիկունքն էին ապահովում»:
ՀՀ ԶՈՒ 25-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում, որտեղ վիրահայոց թեմի առաջնորդի աղոթքից հետո, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին։
«Սա մեծագույն տոներից մեկն է հայ ազգի համար: Բոլորիս կոչ եմ անում չմոռանալ, որ մեր ապագան, մեր հույսը ու գոյության գրավականը հայոց բանակն է: Մեր ուժը մեր բանակի մեջ է եւ մենք բոլորս պիտի մեզ զգանք բանակի մարտիկ»:
«Նայելով մեր բանակին մեկ անգամ եւս եկա այն եզրակացության, որ լավագույնը դա խաղաղությունն է: Պատերազմը չարի գործն է, բայց խաղաղ ապրելու համար պատրաստ պիտի լինենք պատերազմի: Ում համար պիտի կռվի հայոց բանակը, եթե չկա հայերեն խոսող, հայերեն արտասանող ու աղոթող, երգող ու պարող չկա: Հայոց բանակը պահպանում է այս արժեքը»:
Երեկոյի ընթացքում Գալուստ Գյունբենկյան սրահում ցուցադրվեց հայոց բանակի 25-ամյակին նվիրված ֆիլմ, այնուհետեւ ելույթ ունեցան կենտրոնի սաները՝ մենակատարներն ու «Ներսես Շնորհալի» երգչախումբը՝ հայ զինվորին եւ հայոց բանակին նվիրված կատարումներով: