Ախալցխայում գործող «Akhaltskha.net» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանի խոսքերով, չնայած նրան, որ Ադիգենիում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված, Ախալցիխեի շրջանում ընտրություններն ընդհանուր առմամբ խաղաղ են ընթանում:
«Ընտրախախտումներ կան, սակայն դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ընդդիմությունը խոսում է այդ խախտումների մասին: Չգիտես ինչու, հիմնական խախտումները հայկական գյուղերում է գրանցվում: Օրինակ՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը Նաուխրեբի (Մոխրեբ) գյուղում դեպք է գրանցել, երբ տեղի Սակրեբուլոյի անդամները քարոզարշավ էին իրականացնում, նաև հանձնաժողովի անդամները հուշում էին, թե ում օգտին քվեարկեն և այլն»,- Ալիքի հետ զրույցում ասեց Այվազյանը:
Խոսելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածուի հայտարարության մասին, ըստ որի, իր վրա հարձակվել են «Վրացական երազանք»-ի անդամները, Այվազյանն ասաց. «Իրենք գրասենյակը վերցրել են հենց «Վրացական երազանք»-ի գրասենյակի դիմաց: Նա (քաղաքապետի թեկնածուն) բազմիցս նշել է, որ հատուկ են այդտեղ վարձել գրասենյակը, որպեսզի տեսնեն, թե ովքեր են ելումուտ անում: Երեկ տեսել է, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենները, ովքեր առանց արձակուրդ վերցնելու հանդիսանում են նաև ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարներ, գնացել են «Վրացական երազանք»-ի գրասենյակ: Նա փորձել է նկարել, սակայն «Վրացական երազանք»-ի ակտիվիստները նկատել են և իր խոսքերով, վազել հետևից: Հետո նա, կարծեմ ընկել է, կամ հրել են»:
Այվազյանի խոսքով, այս թեմայի շուրջ հակասական տեղեկատվություններ են տարածվում:
Լուսանկարը` Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից