ՀՀ ԱԳՆ-ի 2017 թվականի տարեկան հաշվետվության Վրաստանին վերաբերող մասը ներկայացնում ենք ստորեւ.
Տարվա ընթացքում բնականոն զարգացում են ապրել հայ-վրացական բարիդրացիական փոխհարաբերությունները: Ակտիվ բնույթ են կրել փոխայցելությունները և բարձր մակարդակի շփումները: Դեկտեմբերի 25-ից 26-ը կայացել է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Վրաստան:
Հոկտեմբերի 2-ին՝ ՀՀ Նախագահի և Վրաստանի առաջին փոխվարչապետի ներկայությամբ Բավրայում բացվել է սահմանային նոր անցակետ։
Փետրվարի 23-24-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան:
27 Փոխայցելություններ են կատարել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ապրիլ և սեպտեմբեր ամիսներին կայացել են Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի պաշտոնական և աշխատանքային այցելությունները Հայաստան: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպումներ են անցկացրել նաև Թբիլիսիում` ՀՀ Նախագահի այցի շրջանակներում, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի և Վիեննայում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստի շրջանակներում:
Տարվա ընթացքում պարբերական բնույթ են կրել երկու երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով փոխայցելությունները և հանդիպումները։ Վրաստան են այցելել ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների, արտակարգ իրավիճակների, արդարադատության, տրանսպորտի նախարարները և զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:
Հայաստան են այցելել Վրաստանի փոխվարչապետ և կրթության ու գիտության նախարարը, տնտեսության և կայուն զարգացման, մշակույթի և հուշարձանների պահպանության, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարները: Պահպանվել է զարգացման դինամիկան առևտրատնտեսական համագործակցության ոլորտում, խորացել է համագործակցությունը, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ուղղություններով:
Հունիսի 25-ից 26-ը Երևանում կայացել է հայ-վրացական գործարար համաժողով: Հայ-վրացական օրակարագի մաս են կազմել վիրահայ համայնքի հուզող խնդիրները, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ