Հեռացան աղմուկով. «Ազգային շարժում»-ից 21 պատգամավոր է դուրս եկել

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գրասենյակում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կուսակցության արդեն նախկին անդամների ասուլիսը:  «Միացյալ ազգային շարժման» ցուցակով Վրաստանի խորհրդարան անցած 27 պատգամավորից 21-ը հեռացել է կուսակցությունից:

«Երկու ընտրություն ունենք՝ կամ պիտի ներքին կուսակցական հակամարտության մեջ մտնենք, կամ իրավական պայքարի, քանի որ կուսակցության ընտրած ճանապարհը իրավական չէ: Սա փակուղի է: Մենք չենք մտնի այդ պայքարի մեջ»,- հայտարարել է Սերգո Ռատիանին:

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, կուսակցությունում ստեղծված ճգնաժամի համար մեղադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին` խիստ քննադատություններ հնչեցնելով նախկին թիմակցի հասցեին:

«Միացյալ ազգային շարժումից» դուրս եկած գործիչները կշարունակեն քաղաքականությամբ զբաղվել նոր կուսակցության շարքերում, որը պատարստվում է մասնակցել 2017 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Քաղաքական նոր ուժի անվանումն առայժմ անհայտ է: Հարցի շուրջ քննարկումներ են ընթանում: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ այն լինի «Միացյալ ազգային շարժման» հետ 2016թ. խորհրդարանակն ընտրություններին դաշինք  կազմած «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Նոր քաղաքական միավորման անդամները ևս իրենց գլխավոր մրցակիցն են համարում իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

«Մեր երկրի առջև այսօր կանգնած է իրար հետ կապված երկու առաջադրանք:  Առաջինը վերաբերում է ժողովրդավարական ճանապարհով Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի հեռացմանը, երկրորդը՝ այդ հաղթանակից հետո մեր երկրի առջև կանգնած լուրջ խնդիրների լուծմանը: Այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Ռուսաստանի կողմից սանձազերծվող ագրեսիան, օկուպացիան, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը, գործազրկությունը, աղքատությունը, հանցագործությունների թվի աճը և այլն: Այս  խնդիրները լուծելու համար թիմ է անհրաժեշտ, որը հավատում է, կամք ունի, իրավասություն և տեսլական»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» շարքերը լքող, կուսկացության երբեմնի ազդեցիկ դեմքերից  Գիգա Բոկերիան:

 

Թողնել պատասխան