Հոկտեմբերի 14-ին ժամը 12-ին սկիզբ առավ «Սպորտը բոլորի համար» խորագրով հեծանվային մարաթոնը, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերից 250 հեծանվորդներ:
Մարաթոնը սկիզբ առավ Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքից, անցավ քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով ու ավարտվեց Վարդերի հրապարակում: Նախաձեռնությունը կազմակերպել էին Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը, հեծանվային սպորտի ֆեդերացիան և մի շարք ՀԿ-ներ։
Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Մայա Ազարաշվիլին Ալիքի հետ զրույցում կարեւորեց քաղաքում հեծանիվի տարածումը:
«Մեր կազմակերպությունն առաջին անգամ է անցկացնում նման միջոցառում: Ծրագրի հիմնական նպատակն է Թբիլիսին սպորտային քաղաք դարձնել։ Մեր քաղաքում այս տրանսպորտի հանդեպ պահանջն աճում է, իսկ մենք փորձում ենք իրականություն դարձնել մարդկանց այդ ցանկությունները: Քաղաքացիներին դուր է գալիս նախաձեռնությունը, ուստի այսօր մենք կարևորում ենք նման մարաթոնների կազմակերպումը»։
Հատկանշական է, որ մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Այսպես, 60 տարեկանից բարձր խմբում հաղթանակ տարավ Վլադիմիր Խառամաձեն: Նա երիտասարդներին կոչ է անում Թբիլիսիի փողոցներում հեծանվով շրջել:
«Հեծանիվը պետք է հասանելի լինի, այդ դեպքում բամաթիվ երիտասարդներ կկարողանան այն ձեռք բերել: Հեծանվով տեղաշարժվելուն կողմ եմ ցանկացած պահի, նույնիսկ անձրեւոտ եղանակներին։ Ես ցանկացած տեղ՝ աշխատանքի, տուն, նախընտրում եմ հասնել այս փոխադրամիջոցով»:
Մարաթոնի ավարտին տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության ժամանակ Սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Շալվա Գոգոլաձեն ընդգծեց․
«Այս մարաթոնը, ինչպես նաեւ սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը շատ կարեւոր է մեր նախարարության համար: Ապագայում պատրաստվում ենք էլ ավելի հաճախ կազմակերպել նման միջոցառումներ: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ինչպես նաեւ ոստիկաններին, ովքեր ապահովվեցին մասնակիցների անվտանգ երթևեկը»։
Հեծանվորդները խորհրդանշական կայանատեղի էին դարձրել Վարդերի հրապարակը, որտեղ մի քանի տարի առաջ տեղադրել է հեծանվի հսկայական արձան: Այն, ի դեպ, կառուցվել է սպորտն ու առողջ ապրելակերպը քարոզելու նպատակով:
Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ առաջիկայում Թբիլիսիում կստեղծվեն հեծանվով շրջելու բոլոր պայմանները: