
Վրաստանի երկաթգծի մի քանի աշխատող շարունակում են հացադուլը: Բողոքի 8-րդ օրը 16 մարդ հացադուլ է անում: Նրանք խոսում են նաև աշխատակազմի կողմից ճնշումների մասին:
Ցուցարարների տեղեկատվությամբ, ենթակառուցվածքների ծառայության պետը ճնշումներով փորձում է թույլ չտալ, որ այլ աշխատակիցներ էլ միանան հացադուլին և մասնակցեն այլ ցույցերի:
Վրաստանի երկաթգծի աշխատակիցների արհմիության ղեկավար Մերաբ Թարգամաձեի խոսքերով, աշխատակիցներին ասել են, թե ցույցին աջակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից:
Այս ամենին զուգընթաց, ցուցարարները վրաններ տեղադրելու համար սպասում են Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմանը: Ոստիկանությունը ցույցի առաջին իսկ օրվանից նրանց դրա իրավունքը չի տվել և ցուցարարները դիմել են դատարան:
«Հացադուլի առաջին իսկ օրը մենք վրան տեղադրեցինք և սկսվեց ցույցը, սակայն ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները ցրեցին ցույցը և բռնի ուժով քանդեցին վրանը: Դիմել ենք դատարան և պահանջում ենք մինչև օրվա վերջ որոշում կայացնել»,- հայտարարել է Վրաստանի երկաթգծի աշխատակիցների արհմիության անդամ Իլիա Լեժավան: