
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդես է եկել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում շաբաթական մեկ օր ազատ առևտուր կազմակերպելու նախաձեռնությամբ:
«Հարկ եղած դեպքում շաբաթական մեկ օր կհատկացնենք ազատ առևտրին։ Նման փորձ կա նաև արտասահմանում: Կարող են գալ առևտուր անել ամեն տեսակի հարկերից զատ»,- ասել է Կալաձեն՝ կառավարության նիստում անդրադառնալով համացանցում աղմուկ հանած տեսանյութին։
Տեսանյութում երևում է, որ «Դինամո-Արենա» մարզադաշտի տարածքում քաղաքապետարանի վերահսկողության ծառայության աշխատակիցները քայլեր են ձեռնարկում փողոցի առևտրականներին հեռացնելու ուղղությամբ։ Քաղաքապետարանի պարզաբանմամբ, օրենքն է ստիպում համապատասխան քայլեր ձեռնարկել:
«Այս օրենքը նոր չէ ընդունվել։ Փողոցային առևտուրն արգելված է օրենքով»,-ասել է Կալաձեն: