Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Կրթության նախարար Նատալի Գասիևայի հավաստմամբ՝ Ախալգորիի շրջանի վրացական դպրոցներում որպես ընտրովի առարկա պահպանվում է վրաց լեզու և գրականություն առարկայի ուսուցումը։
«Մինչ այս վրացական դպրոցների աշակերտները սահմանված կրթական համակարգից դուրս էին: Լեզվի պատճառով նրանք մեր կրթական ծրագրերում և ռուսական բարձրագույն համալսարաններում քվոտաներ չէին կարող ստանալ: Մենք պաշտպանում ենք նրանց վրաց լեզու և գրականություն սովորելու իրավունքը: Դպրոցներում այդ առարկաների համար ամեն օր ժամեր են հատկացված»,- հայտարարել է Գասիևան:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը քննադատել էր Ախալգորիի շրջանի վրացական դպրոցներում ռուսերեն լեզվի անցման մասին որոշումը: Ախալգորիի շրջանը Վրաստանի վերահսկողությունից դուրս է մնացել 2008 թ․ ռուս-վրացական պատերազմի արդյունքում:
Այս պահին 1-4-րդ դասարաններում ուսումը ամբողջովին ընթանում է ռուսերեն լեզվով, իսկ մնացյալ դասարաններում անցումը տեղի է ունենալու փուլ առ փուլ:
Նշենք նաև, որ օգոստոսյան պատերազմից մինչ այս որոշումը Վրաստանի կողմից չվերահսկվող Ախալգորիի շրջանում 2 վրացական մանկապարտեզ է եղել, որտեղ 30 աշակերտ է հաճախել: