
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Interpressnews-ի հետ զրույցում ասել է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծում ձերբակալված Վրաստանի 5 քաղաքացիներին այսօր ազատ կարձակեն։
«Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծով ստացված տեղեկատվության համաձայն, օկուպացիոն ռեժիմի կողմից այսպես կոչված սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված 5 անձանց դատական գործընթացն ավարտվել է նախօրեին: Վերջիններն ազատ կարձակվեն այսօր: Նույն տեղեկատվությամբ, ձերբակալվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Նշվածն ազատ տեղաշարժի ապօրինի սահմանափակում է, որը մեծ վտանգ է հանդիսանում տեղի անվտանգության միջավայր համար»,-հայտարարել են ՊԱԾ-ից:
Առկա տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացիները ճամբար էին կազմակերպել շփման գծի մոտակա Թրուսոյի կիրճում, երբ նրանց ձերբակալել են: