Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմների շրջանակներում Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Էրգնեթի գյուղում ընթանում է հերթական հանդիպումը։ «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի ներկայացուցիչ Մուրադ Ջիոևը մինչ հանդիպման մեկնարկը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Գյունտեր Բեխլերին խնդրել է բարձրացնել շփման գծին մոտենալու հարցը։ Ըստ նրա, Վրաստանի կողմից քաղաքացիները պետք է շփման գծից մշտապես 200 մետր հեռավորություն պահեն:
«Շփման գծին մոտ գյուղատնտեսությամբ չպետք է զբաղվել: Հասկանալի է՝ մեր դեպքում 100-200 մետրը որոշիչ է: Դժվար է, սակայն, պետք է փորձել, տեղացիներին բացատրել, որ չմոտենան սահմանին, չհատեն շփման գիծը: Սակայն, դրա համար պետք է նախ գծել այդ սահմանը»,- հայտարարել է Ջիոևը:
Վրաստանի պետանվտանգության ծառայության տեղեկատվական գործակալության փոխտնօրեն Կախաբեր Քեմոկլիձեն հայտարարել է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի իշխանությունները իրավիճակի ելքը տեսնում են միայն սահմանազատմամբ, ինչը նրա կարծիքով, թակարդ է Վրաստանի իշխանությունների համար: