Ալիք մեդիան վերահրապարակում է epress.am -ի հոդվածը: Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի արգելված թեմաներ» նախագծի շրջանակում:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ. ո՞վ ունի ապրելու իրավունք
Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի արգելված թեմաներ» նախագծի շրջանակներում
Բիլյասուվար քաղաքի (Ադրբեջան) 31-ամյա բնակչուհի Ռամիլյան (անունը փոխված է) երեք երեխաների մայր է: Երրորդը 7-ամյա տղան է: Որդին Ռամիլյային հեշտ չի «բաժին հասել»: Իր հարազատների շրջանում «տղայի մայր» հպարտ կարգավիճակը կրելու համար կինը ստիպված էր վճարել երկու չծնված դուստրերի կյանքով. «Նրանք երկվորյակ էին: Էնքան նուրբ, էնքան անպաշտպան… Բայց ես արդեն երկու աղջիկ ունեի: Սկեսուրս և ընդհանրապես ամուսնուս ամբողջ ընտանիքը չարացած էր իմ դեմ, իբր, ինչի՞ պիտի մեր տղան առանց որդու, առանց տոհմը շարունակողի մնա: Երբ սոնոգրաֆիա արեցին, և պարզվեց, որ զույգ աղջիկ են, ամուսինս ասաց` լավ, ընտրում ես. կամ ունենում ես էս երկու աղջիկներին, և վերջացնում ենք երեխա ունենալը, կամ աբորտ ես անում, և էլի փորձում ենք տղա ունենալ: Ընտրեցի երկրորդը, որովհետև ուզում էի քայլել գլուխս բարձր պահած` որպես որդու մայր: Չէի ուզում, որ իմ մասին ասեն` «օղուլսուզ» (առանց որդու): Ախր, էդ էնքան ստորացուցիչ է… Բայց աղջիկներիս էլ չեմ կարողանում մոռանալ…», – արցունքներն աչքերին պատմում է Ռամիլյան:
«Անցանկալի» սեռի երեխա…
Երկու աղջիկների մայր 36-ամյա Նառա Մաղաքյանը պատմում է, որ երեխայի սեռի պատճառով երեք անգամ աբորտ է արել: 12 շաբաթական ժամկետում բժիշկները որոշում էին երեխայի սեռը` աղջիկ: Ու դա դատավճիռ էր: «Երեք անգամ էլ աղջիկ էր լինում, իսկ ես արդեն երկու աղջիկ ունեի: Իմ և ամուսնուս համար շատ կարևոր էր տղա ունենալը: Իհարկե, ամեն աբորտից հետո շատ ծանր հոգեկան ապրումներ էի ունենում, ինձ հանցագործ էի զգում: Բայց նաև մեծ էր տղա ունենալու ցանկությունը: Վաղը-մյուս օրը աղջիկներիս կամուսնացնեմ, կգնան, էլի մեզ հետ տղաս է մնալու»,— պատմում է Նառան, ում տղան արդեն 7 տարեկան է:
Այո´, մեծամասամբ Հարավային Կովկասի երկրներում հղի կինը պատկանում է ոչ միայն իրեն: Եվ դեռ չծնված երեխայի ճակատագիրն էլ ոչ միշտ է նա որոշում: Հենց հղիանում են, սկսվում է ճնշումը ընտանիքի և ամուսնու կողմից: Բազմաթիվ կանայք նրանց պատվերի կամակատարներն են: Եվ այդ պատվերը երբեմն հասնում է ընդհուպ նրան, որ կինը պետք է ծնի այն սեռի երեխա, որը նրան ասում են: Շատերն այցելում են գինեկոլոգի: Հատուկ հաշվարկներ են անում, ասում են` բանաձևեր կան, թե երբ պետք է հղիանալ, որպեսզի երեխայի սեռը լինի հենց այն, ինչ պետք է: Իսկ մյուս մասն էլ, շրջապատին սիրաշահելու համար, գերձայնային հետազոտություն է անում, իմանում երեխայի սեռը և որոշում նրա հետագա ճակատագիրը. «Ես երկու աղջիկ ունեմ: Երբ երրորդ անգամ հղիացա, ամուսինս ասաց` ստուգի, տես` եթե տղա է, ուրեմն կբերես, եթե չէ` աբորտ կանես: Ու ես աբորտ արեցի, որովհետև, կարծում եմ` նա իրավացի է, մեր ինչի՞ն են պետք երեք աղջիկները»,- պատմում է Թբիլիսի 35-ամյա բնակչուհի Սոֆյան:
«Աղջիկնե´ր, որտե՞ղ են լավ ուլտրաձայնային հետազոտություն անում: Ես պետք է իմանամ երեխայի սեռը, որովհետև եթե աղջիկ լինի, անպայման աբորտ եմ անելու»,— կանանց խմբերից մեկում գրում է Վրաստանի 24-ամյա բնակչուհին:
Հայաստանի բնակչուհի երկու աղջկա մայր 27-ամյա Աննան պատմում է, որ բժիշկների հաշվարկի համաձայն` տղա ունենալու համար պետք է հղիանար 2016 թվականին. «12 շաբաթականից սկսած վեց անգամ հետազոտվել եմ, սակայն բժիշկները չէին կարողանում տեսնել երեխայի սեռը` կամ ոտքերն էին փակ դիրքով լինում, կամ նստած էր: Մի հիվանդանոցում մոտավոր ասացին, որ աղջիկ են տեսնում, ու ես արդեն կասկածների գիրկն էին ընկել՝ ունենա՞լ այս երեխային, թե՞ ոչ: Հստակ որոշել էի`եթե աղջիկ է, ուրեմն աբորտ եմ անելու»,- ասում է Աննան` փորձելով հայացքը թաքցնել` ինչ-որ ժամանակ ընդունած որոշման համար իրեն մեղավոր զգալով: Պատմում է, որ ընտանիքում աղջիկ ունենալուն դեմ էր նաև սկեսուրը, ով ժամանակին երեք աղջիկ ունենալուց հետո «վերջապես» տղա էր ունեցել. «Սկեսուրս ասում էր` փողը կտամ, մենակ գնա-հանի էդ աղջկան, ինչի՞դ ա պետք երրորդը, դու պիտի պայքարես տղայի համար: Ու ես որոշեցի աբորտ անել»,- պատմում է Աննան:
Նման պատմությունները քիչ չեն, Հարավային Կովկասի բոլոր երկրներում նման դեպքերը համատարած բնույթ են կրում:
Տղաներն ընդդեմ աղջիկների՞
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը գենդերային հատկանիշով սեռի ընտրություն է: Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում այս երևույթն ի հայտ եկավ Խորհրդային Միության փլուզումից հետո: Մոտավորապես նույն այդ ժամանակաշրջանում` 90-ական թվականներին, առաջին անգամ հայտնվեցին էխոսկոպիկ հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս որոշել սեռը հղիության ժամանակ: Եվ ստացվեց այնպես, որ ընտանիքների մեծ մասն անպայման տղա է ուզում, բայց չի ուզում շատ երեխաներ ունենալ: Դրա համար ընտրովի աբորտ են անում` ցանկալի արդյունքի հասնելու համար:
2012 թվականին անցկացված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության (http://www.un.am/up/library/Sex-selective%20abortions_arm.pdf) արդյունքների համաձայն՝ ամեն տարի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով լույս աշխարհ չի գալիս 1500 աղջիկ:
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների համաձայն` Ադրբեջանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նորածինների 53,6%-ը տղաներ են, իսկ 46,4%-ը` աղջիկներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչության խորհրդական Ֆարիդ Բաբաևը հայտարարել է՝ հավասարակշռության խախտման դինամիկան սկսել է աճել 1998 թվականից, ինչի հետևանքով մինչև 2016 թվականը Ադրբեջանը զբաղեցրել է երկրորդ տեղ աշխարհում նորածինների շրջանում սեռերի հարաբերակցության խախտման թվով:
Հավելենք, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Ադրբեջանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշն է: Իսկ ադրբեջանցի փորձագետների տվյալների համաձայն` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ոլորտում Ադրբեջանը «առաջատար» դիրքեր է զբաղեցնում Կենտրոնական Ասիայում: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2013 թ. անցկացրած ուսումնասիրության համաձայն`Ադրբեջանում 100 աղջկան ընկնում է 116 տղա, Հայաստանում համամասնությունը 100/114 է, Վրաստանում` 100/113: Այս բարձր ցուցանիշը լրջագույն խնդիր է, որը կարող է ազդել ամբողջ Հարավային Կովկասում ժողովրդագրական իրավիճակի վրա. «Ամեն տարի Ադրբեջանում, հատկապես վերջին տարիներին, լույս աշխարհ են գալիս 6-7 հազարով ավելի շատ տղաներ, քան աղջիկներ»,- ասում է Ադրբեջանի ԳԱԱ աշխարհագրության ինստիտուտի «Ադրբեջանի բնակչության և սոցիալական զարգացման» բաժնի առաջատար գիտաշխատող Զաքիր Էմինովը:
«Արհեստական միջամտության և սեռի ընտրության պատճառով խախտվում է ծնունդների ժամանակ սեռերի միջև կենսաբանական հավասարակշռությունը` ավելի շատ տղաներ են ծնվում, և նվազում է ծնված աղջիկների թիվը: Հաշվարկվել է, որ 90-ական թվականների սկզբից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում չի ծնվել 25 հազար աղջիկ»,- պատմում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի վրաստանյան գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեն:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանում նորածինների շրջանում գենդերային անհավասարակշռության առաջին նշանները սկսել են նկատվել 1993 թվականից. «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով մինչև 2060 թվականը Հայաստանում չեն ծնվի շուրջ 100 հազար ապագա մայրեր: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, որոնք խախտում են հավասարակշռությունը, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կստեղծեն»,— նախազգուշացնում է Հայրապետյանը: Նրա խոսքով` այս անհավասարակշռությունը հատկապես ուժեղացավ 2000-2001 թվականներին, երբ երկրում 100 աղջկան բաժին էր ընկնում 120 տղա: 4-5 տարի շարունակ Հայաստանում 100 աղջկան բաժին է ընկնում 114-115 տղա, ինչը նորմայից բարձր է 10%-ով:
Նշենք, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ճշգրիտ վիճակագրություն չկա, քանի որ կանայք բժշկին չեն հայտնում աբորտի պատճառի մասին: Սեռի ընտրությունը հաճախ արվում է երրորդ հղիության ժամանակ, հատկապես, եթե առաջին երկու երեխաները աղջիկ են: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վրաստանում կան տարածաշրջաններ, որտեղ այս երևույթը հատկապես տարածված է, օրինակ` Կախեթում, Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում, Մցխեթ-Մթիանեթիում և Շիդա Քարթլիում: Գարիկ Հայրապետյանի խոսքով` Հայաստանում նույնպես որոշ մարզեր սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով «առաջատար» են. «Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տղա և աղջիկ երեխաների միջև հարաբերակցության ցուցանիշը գերազանցել է աշխարհում ամենավատ ցուցանիշները. այս մարզերում 100 աղջկա դիմաց ծնվում է 124 տղա: Այսինքն` այս մարզերում սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ ավելի շատ են արվում»,- պարզաբանում է Հայրապետյանը:
Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ ապագա երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատման մասին վիճակագրական տվյալներ չկան, քանի որ վիճակագրությունը վարվում է միայն ըստ ծնված տղաների և աղջիկների թվի. «Առաջին հղիության դեպքում սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիր չունենք, երկրորդի ժամանակ այս միտումն արդեն սկսվում է, սակայն դեռ ակնհայտ չէ, իսկ երրորդ երեխայի դեպքում արդեն տղաների և աղջիկների միջև հարաբերակցության տարբերությունը խիստ բարձր է`100 աղջկա պարագայում ծնվում է 160 տղա: Եթե ընտանիքներում շարունակեն նախապատվությունը տալ տղա երեխաներին, ապա կշարունակենք կորցնել աղջիկներին: Տարեկան չի ծնվում մոտ 2000 երեխա միայն նրա համար, որ իգական սեռի է»,- ասում է Սարիբեկյանը:
Սա սեքսիզմ չէ, այլ պարզապես ավանդույթ, կամ ինչո՞ւ են ծնողները տղա ուզում
Ինչո՞ւ է ընտանիքում մեկ, երկու կամ երեք աղջկա գոյությունը խնդիր համարվում, այն դեպքում, երբ տղաների նույն թիվը հարևանների և հարազատների հիացմունքն ու նախանձն են շարժում: Ինչո՞ւ առանց որդու լինելը նվաստացուցիչ, վիրավորական է համարվում, իսկ աղջիկ երեխա չունենալը տխրություն ու դժգոհություն չի առաջացնում: Աղջկա մեջ ի՞նչն այն չէ:
Անշուշտ, կան ինչ-ինչ ենթադրություններ: Չէ՞ որ բոլոր երեք երկրներում տղա երեխան համարվում է ծնողների ապագա, պոտենցիալ կերակրողը: Ինչպես նաև` տղայի մեջ են տեսնում տոհմի շարունակողին: Ծնողները նախապատվությունը տալիս են տղաներին՝ համոզված լինելով, որ կյանքի վերջին տարիներին հենց տղաներն են իրենց նեցուկ կանգնելու: Մեր երկրների ավանդույթի ուժը բերել է այն բանին, որ ծնված տղաների թիվը գերակշռում է:
Լսենք նաև այս հարցերում փորձագետների կարծիքը.
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի վրաստանյան գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեի կարծիքով, որը հիմնված է 2014 թ. իրենց կազմակերպության անցկացրած ուսումնասիրության վրա, պատճառները նախևառաջ թաքնված են գենդերային խտրականության մեջ, այն պատճառով, որ նահապետական հասարակություններում համարվում է, որ որդիներն աղջիկներից լավն են: «Քանի որ Վրաստանում հասարակությունը նահապետական է, ընտանիքներում համարվում է, որ ընտանիքում առնվազն մեկ տղա պետք է լինի»,— ասում է Բաքրաձեն:
Ուսումնասիրության արդյունքները նաև ցույց են տվել, որ Վրաստանում արդեն երկար ժամանակ նախապատվությունը տալիս են տղաներին: «Վրաստանում ԽՍՀՄ օրոք ծնելիությունը համեմատաբար բարձր էր: Հաճախ երեխա էին ունենում այնքան ժամանակ, մինչև լույս աշխարհ կգար տղա: Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո, սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին, ծնելիությունը կտրուկ նվազել է»,— պատմում է Բաքրաձեն:
Գարիկ Հայրապետյանն ասում է, որ Հայաստանում նույն մոտեցումն է: Հայ հասարակության մեջ տղամարդու դերն ավելի է կարևորվում, քան կնոջ դերը, և այս երևույթին կարելի է բախվել կյանքի բոլոր ոլորտներում.
«Մեր հասարակությունում գերիշխող դեր են խաղում տղամարդիկ, այլ ոչ կանայք: Ինչպես ցույց են տալիս մեր անցկացրած ուսումնասիրությունները, ծնողներն իրենց հույսն ավելի շատ կապում են արական սեռի երեխաների հետ՝ համարելով, որ ապագայում նրանք կնայեն ծնողներին»:
Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովան արդեն վաղուց ուսումնասիրում է այս սոցիալական երևույթը: Նա նույնպես նշում է, որ Ադրբեջանում, ավանդույթի համաձայն, պետք է տղա լինի: Ազիզովայի կարծիքով` սա դրվել է այն ժամանակ, երբ հաճախակի պատերազմներ էին լինում, և տղամարդիկ զոհվում էին պատերազմներում, աշխատող ձեռքերը քիչ էին հողը հերկելու, ցանելու, որսի գնալու համար… Տղաների մեծ թիվը նշանակում էր, որ ընտանիքը կունենա մի կտոր հաց, ընտանիքը քաղցից չի մեռնի:
«Այս ավանդույթը պահպանվել է, և ընտանիքներում մինչ օրս գոյություն ունի տղայի պաշտամունքը: Այս ավանդույթը հարգում են ոչ միայն տղամարդիկ, այլև հենց կանայք: Հաճախ կանանց բերանից, հատկապես շրջաններում, կարելի է լսել հպարտությամբ ասված նախադասություն` «ես էս ընտանիքի համար տղա եմ բերել»: Կնոջ համար տղայի ներկայությունը հոգեբանորեն նշանակում է, որ ինքը դառնում է այդ ընտանիքի անդամ, որ ինքն արժանի է հարգանքի և պատվի, քանի որ ժառանգ է բերել, քանի որ իր շնորհիվ ամուսնու ազգանունը կշարունակվի»,- ասում է Ազիզովան: Փորձագետի խոսքով` կան բազմաթիվ դեպքեր, երբ կնոջը ստիպել են աբորտ անել երեխայի սեռը` աղջիկ, պարզելուց հետո: Եղել են դեպքեր, երբ կնոջն ընտանիքից վռնդել են այն պատճառով, որ աղջիկ է ունեցել, ինչպես նաև ծեծի են ենթարկել, գրանցվել են բռնության այլ դեպքեր: «Այդ իսկ պատճառով սեռով պայմանավորված հղիության ընդհատումը և՛ հոգեբանական բռնություն է, և´ ֆիզիկական»,- ասում է Ազիզովան:
Իր հերթին` ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող վրաստանցի բժիշկ-գինեկոլոգ Ի.Մ.-ն (ցանկացել է անանուն մնալ) ներկայացրեց իր դիտարկումները: Նա աշխատանքի փորձ ունի թե´ Վրաստանի շրջաններում` Սամցխե Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում, և թե´ մայրաքաղաքում. «Աբորտների մեծ մասը բաժին է ընկնում աղջիկներին, որովհետև տղա են ուզում` տոհմը շարունակող, ազգանունը կրող, և դա կարևոր է թե´ վրացիների, թե´ հայերի, թե´ ադրբեջանցիների համար: Եվ, իհարկե, դա ընտանիքի տղամարդու որոշումն է: Գուցե, դա չի բարձրաձայնվում, սակայն ոչ բացահայտ արտահայտվում է հարսից դժգոհության մեջ, որը «էն էրեխեքին» չի ունենում: Անհամեմատ հազվադեպ են տղաների դեպքում արհեստական ընդհատում անում. երբ ընտանիքում երկու տղա է, և երրորդն աղջիկ են ուզում: Չեմ լսել այնպիսի դեպքերի մասին, երբ առաջին հղիության ժամանակ են սեռով պայմանավորված ընդհատում անում»,- պատմում է բժիշկը:
Օրենքը
Ո´չ Վրաստանում, ո´չ Հայաստանում, ո´չ Ադրբեջանում աբորտները արգելված չեն: Եվ այս հարցերի շուրջ պարբերաբար հանդես եկող մասնագետների կարծիքով` հղիության արհեստական ընդհատման ամբողջական արգելքը իրավիճակը չի փոխի, այլ գուցե հակառակը` ամեն ինչ կանցնի ընդհատակ: Բոլոր երեք երկրներում հղիության ընդհատումը թույլատրվում է մինչև հղիության 12-րդ շաբաթական ժամկետը: Մինչև 22 շաբաթական ժամկետը կանայք աբորտ անելու իրավունք ունեն միայն հարգելի պատճառներով, ինչպիսիք են` առողջական վիճակը, սոցիալական խնդիրները, ամուսնալուծությունը, բռնաբարությունը: Երբ խոսում ենք սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին, ապա նկատի ունենք հղիության 12 շաբաթականից հետո շրջանը: Սա այն շրջանն է, երբ բժիշկները սարքերով հանգիստ կարող են որոշել պտղի սեռը, և հենց այն շրջանն է, երբ հղիության ընդհատման համար անհրաժեշտ է ծանրակշիռ պատճառ:
Բազմաթիվ քննարկումներից հետո 2016 թ. հունիսի 17-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխությունները` հղիության արհեստական ընդհատման թույլատրելի նորմերի նկատմամբ պահանջների խախտման դեպքերում վարչական պատասխանատվության ներդրման փոփոխությունների նպատակով:
Գարիկ Հայրապետյանը դրական է համարում, որ երեք տարվա ընթացքում կարողացել են հասնել այն բանին, որ ձեռնարկվել են այդ երևույթի դեմ պայքարի որոշակի միջոցներ, քանի որ կան երկրներ, որտեղ նույն այդ միտումը տևել է 15-20 տարի:
Իր հերթին` Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ասել է, որ իրենք առաջարկում են փոփոխություններ կատարել օրենքի 10-րդ հոդվածում, որով հղիության 12-22 շաբաթական ժամկետում հղիության արհեստական ընդհատման արգելք է նախատեսվում: «Արգելվում է պտղի սեռի հատկանիշով հղիության ընդհատումը: Ընդ որում, մինչև 12 շաբաթական ժամկետը հղիությունն ընդհատել հնարավոր կլինի հղի կնոջ գրավոր դիմումի հիման վրա, իսկ ավելի ուշ ժամկետների դեպքում` միայն փորձագետի եզրակացությամբ, կամ սոցիալական պատճառներով` հոր մահը, հղի կնոջ ազատազրկումը, բռնաբարությունը, սպառնալիք պտղի կամ ծննդկանի կյանքին, լուրջ հիվանդության կամ պտղի մոտ շեղումների առկայություն»,— ասել է Մուրադյանը: Նա նաև նշել է, որ հղիության ընդհատման ժամանակ բուժաշխատողները պարտավոր կլինեն ներկայացնել ողջ անհրաժեշտ փաստաթղթերը: Օրենքով նախատեսվում է, որ այն բուժաշխատողները, որոնք չեն կատարի օրենքով սահմանված պայմանները, կպատժվեն վարչական տուգանքներով՝ 40-100 հազար դրամ (85-210 դոլար):
«Հիմքեր կան այս օրինագծով դրական փոփոխություններ ակնկալելու, բայց կան նաև վտանգներ: Արգելքներով և սահմանափակումներով նման օրենքը սովորաբար ռիսկեր է պարունակում: Դա կարող է բերել այն բանին, որ շատերը կսկսեն դիմել ոչ անվտանգ աբորտների մեթոդների, որը կհանգեցնի մայրական մահացության բարձրացման»,- ասում է Ասատրյանը:
Վրաստանում, ինչպես արդեն նշվեց, հղիության ընդհատումն օրենքով թույլատրվում է մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: Բացի դա, Վրաստանում արգելված է ծնողներին ասել երեխայի սեռի մասին, սակայն եթե նույնիսկ բժիշկները արգելքին հակառակ սեռն ասում են, դրան հաջորդում է պատիժը:
Իսկ Ադրբեջանում արդեն 10 տարի քննարկվում է այն հարցը` արգելե՞լ բժիշկներին ասել երեխայի սեռի մասին: 2009թ. Ադրբեջանի խորհրդարանը ձեռնամուխ եղավ լրամշակված օրինագծի քննարկմանը, որով արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: «Վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման մասին» նոր օրենքը մշակվել էր` երկրի բնակիչների ավանդական` տղա, այլ ոչ աղջիկ ունենալու նախընտրության կապակցությամբ: Օրենքն ընդունվելու դեպքում բժիշկներին արգելվելու էր մինչև հղիության առաջին եռամսյակի ավարտն ապագա երեխայի սեռը հայտնել:
Օրինագիծը պետք է ուժի մեջ մտներ արդեն 2010-ին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները ակնկալում էին, որ այն կօգնի կրճատելու սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը և կշտկի երկրում ժողովրդագրական իրավիճակը: Սակայն գործը ձգձգվում է մինչև մեր օրերը: 2016 թ. ամառային նստաշրջանի ժամանակ Միլլի մեջլիսը պետք է քննարկեր այս հարցով օրենսդրական փոփոխությունները, բայց այդ մասին ոնց որ կրկին «մոռացան»:
Արդյոք արգելքները կօգնե՞ն
Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատման օրենսդրական արգելքի կապակցությամբ մասնագետների կարծիքները միանշանակ չեն: Մտահոգություններ կան, որ արգելքը կարող է բերել այն բանին, որ կանայք կսկսեն ընտրել հղիության ընդհատման ոչ անվտանգ եղանակներ: Այս մասին նախազգուշացնում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը: Նրա խոսքով` էթիկայի տեսանկյունից Հայաստանի բուժհաստատությունների անձնակազմի հետ պետք է մասնագիտական հմտությունների կատարելագործման աշխատանք կատարվի:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Եկատերինա Սխիլաձեն, որը նույնպես զբաղվում է գենդերային անհավասարության հարցերով, նշում է՝ երբ դա տեղի է ունենում համակարգված ձևով, ինչպես Հարավային Կովկասի երկրներում, արդյունքում դառնում է գենդերային անիրավահավասարության, բռնության և այլնի պատճառ:
«Այս հարցում պետության դերն այն է, որ ավելի շատ աշխատի կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ, բարձրացնի այս հարցում գիտակցությունը, բարելավի և դյուրացնի վերարտադրողական ծառայություններին հասանելիությունը: Կարող եմ ասել, որ մինչ օրս պետության կողմից այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել: Այս ամենն ընկած է ոչ կառավարական կազմակերպությունների ուսերին»,- ընդգծում է Սխիլաձեն:
Իսկ Լելա Բաքրաձեն կարծում է, որ իրավիճակը փոխելու համար կարևոր է հասարակության հետ աշխատել, հարկ է բարձրացնել գենդերային զգայունությունը, որպեսզի հասարակության մեջ տեղի ունենա գենդերային ձևափոխություն, և աղջիկները դառնան նույնքան կարևոր և թանկ, որքան տղաները: Նա նաև նշեց, որ 2010 թվականից ի վեր ծնունդների ժամանակ սեռերի խախտված հավասարակշռության նվազման որոշ դրական միտում է նկատվում: Բաքրաձեի խոսքով`ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Համաշխարհային բանկի հետ համատեղ պատրաստվում է տեղեկատվական քարոզարշավ անցկացնելու թե´ զանգվածային լրատվամիջոցների միջոցով և թե´ տեղերում անցկացնել բուժանձնակազմի վերապատրաստումներ, զրույցներ երիտասարդ ծնողների հետ` բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:
«Հարկ է խրախուսել գենդերային հավասարության դե ֆակտո ուժեղացումը և կարգավորումը, դա արտահայտվում է բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարությամբ: Կարևոր կողմերից մեկը ժառանգման իրավունքն է, որը կյանքում հաճախ է խախտվում հօգուտ որդիների: Առաջ, այսպես ասած, ամբողջ հույսը դրվում էր որդիների վրա, քանի որ համարվում էր, որ նրանք են ընտանիքի ապագա կերակրողները և կպահեն ծեր ծնողներին: Սակայն հիմա ժամանակները փոխվել են, կանայք դարձել են ավելի անկախ և ինքնաբավ, և կյանքը ցույց է տալիս, որ դուստրերը նույնպես պահում և նեցուկ են լինում ծնողներին, ինչպես որդիները»,- նշում է Բաքրաձեն:
Բժիշկ-գինեկելոգ Ի.Մ.-ն նույնպես ասում է, որ վաղուց հրաժարվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ անելուց. «Ես աբորտ չեմ անում ոչ թե կրոնական նկատառումներից ելնելով: Պատճառն այլ է. սեռով պայմանավորված ընդհատումներն արվում են մեծ ժամկետներում` 12 շաբաթականից և ավելի, որովհետև միայն այդ ժամկետներում է էխոսկոպիայի ժամանակ հնարավոր տեսնել երեխայի սեռը: Ընդ որում, ոչ բոլոր բժիշկներն են կարող դա ճիշտ որոշել»,- ասում է Ի.Մ.-ն:
Բժշկի խոսքով` մինչև Վրաստանում չլինի հղի կնոջ պաշտպանության օրենք, իրավիճակը չի փոխվի: Բժիշկը հիշում է, որ խորհրդային տարիներին այսպիսի օրենք կար. «Ես որպես կին, մայր և բժիշկ կուզեի, որ Վրաստանում ընդունեին «Հղի և կերակրող մոր պաշտպանության մասին» օրենք, երբ չի կարելի հղի կնոջն ազատել աշխատանքից (այստեղ դա համատարած է), երբ երեխային խնամելու համար մեկ տարի վճարվող արձակուրդ կտան և դարձյալ երկու տարի` չվճարվող` կնոջ աշխատատեղի պարտադիր պահպանումով: Եվ քանի դեռ չեն բարձրացրել ժողովրդի բարեկեցությունը, ապա սեռով պայմանավորած հղիության ընդհատումները ոնց եղել են, այնպես էլ կմնան»,- ասում է բժիշկ-գինեկոլոգը:
Մաթանաթ Ազիզովան համարում է, որ արգելքները կարող են ի հայտ բերել այլ, ոչ պակաս սուր խնդիրներ. «Արգելքը կարող է բերել կոռուպցիայի: Ինչ-որ երկրներում դա կարող է աշխատել և արդյունք ունենալ, սակայն, հաշվի առնելով կոռուպցիայի բարձր մակարդակը, կաշառակերությունը, արգելքը չի հանգեցնի խնդրի լուծման»:
Փորձագետի կարծիքով` խնդիրը պետք է լուծել այլ եղանակներով: Նրա խոսքով` Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի հռչակագրում կետ կա` եթե երկրում գոյություն ունեն ավանդույթներ, որոնք հանգեցնում են խնդիրների, ապա կառավարությունը պարտավոր է պայքարել այդ ավանդույթների դեմ:
«Եթե երկրում գոյություն ունի գենդերային խտրականություն, ապա պետք է պայքարել, բռնություն` պայքարել: Պայքարել ոչ թե արգելքների միջոցով, այլ կրթության, օրենքների միջոցով, որոնք կբերեն իրավունքների պաշտպանության, լավ բժշկական ծառայություններ ստեղծելու միջոցով, կանանց համար ծառայություններ և պայմաններ ստեղծելով, տնտեսական բարգավաճման միջոցով և այլն»,- ասում է Ազիզովան:
Շատ տղաներ են ծնվում, իսկ ի՞նչ կլինի ապագայում
Ի՞նչ կլինի տարածաշրջանում 10, 20 տարի անց, եթե սեռերի ընտրությունը շարունակվի դեռ մի քանի տարի: Ի՞նչ սոցիալական խնդիրների կհանգեցնի այս երևույթը:
Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ սեռերի միջև կտրուկ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել երկրում հանցագործությունների աճի. «Եթե շարունակենք հետագայում էլ այսպես մտածել և արմատախիլ չանենք հասարակության մեջ այս մոտեցումը, փոփոխություններ չկատարենք գենդերային հավասարության ոլորտում, ապա իրավիճակը չի փոխվի, և մեր երկիրը տասնամյակ անց լուրջ աղետի կբախվի»:
Մաթանաթ Ազիզովայի և Լելա Բաքրաձեի կարծիքով` սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կհանգեցնեն ժողովրդագրական լրջագույն խնդրի:
Մեզ կփրկի ոչ թե օրենքը, այլ ծնողի մեր սիրտը…
Աննան, այնուամենայնիվ, չհամարձակվեց աբորտ անել: Նա հրաժարվեց կյանքի իրավունքից զրկելու իր երեխային միայն այն պատճառով, որ նա աղջիկ է. «Վերջին պահին կանգ առա: Հասկացա, որ այդ երեխան կռիվ էր տալիս, պայքարում էր իմ դեմ սեփական կյանքի համար: Ամենասկզբից համառորեն ցույց չէր տալիս իր սեռը: Այդ փոքրիկ հրեշտակն ինձնից խելացի էր…», – հիշում է Աննան: Նրա ամուսինը` երկու երեխաների հայր, նույնպես համաձայնեց կնոջ որոշման հետ: Նրա խոսքով` ամուսինը շատ ուրախ էր այդ քայլի համար. «Նա միակ մարդն էր մեր ընտանիքում, որ ասում էր` իր համար միևնույն է` տղա, թե աղջիկ, միայն առողջ երեխա ծնվի», – արցունքներն աչքերին պատմում է Աննան: Աննան երջանիկ է, որ իր երրորդ դստրիկին է ունենում: Եվ վստահ է, որ ծնողներին այդ որոշումից կարող է փրկել միայն նրանց սիրտը. «Կարելի է բժշկին կաշառք տալ, շրջանցել օրենքը, կարելի է հազարավոր եղանակներ գտնել, երբ ուզում ես ազատվել երեխայից: Բայց եթե դա քեզ արգելում է քո հոգին, խիստ օրենք պետք չէ»,— ասում է Աննան:
Հոդվածի վրա աշխատել են`
Գյունել Մովլուդը (Ադրբեջան)
Գայանե Մկրտչյանը (Հայաստան)
Էդիտա Բադասյանը (Վրաստան)