
Մարտի 17-ին Վրաստանի տարբեր շրջաններից ավելի քան 500 պատվիրակ մասնակցում էր երկրի Խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի կողմից կազմակերպված «Հավասար հնարավորությունների զարգացում Վրաստանում» խորագրով միջոցառմանը: Կազմակերպիչների խոսքերով` միջոցառմանը հավաքվել են մարդիկ, որոնք բարելավել, կամ պատրաստում են բարելավել համաքաղաքացիների վիճակը՝ ստեղծելով հավասար պայմաններ, կամ բարձրացնելով որոշում կայացնելու գործընթացում մասնակցության մակարդակը։

«Էկոնոմիկայի նախարարության ձեռնարկությունների զարգացման գործակալությունն աշխատում է այս ոլորտում գործարար կանանց ներգրավելու ուղղությամբ: Շրջաններում արդեն գոյություն ունեն այս ուղղությամբ գործող մի քանի նախագծեր: Գործարարներին աջակցում ենք նրանց ունակություների զարգացման համար դասընթացներ կազմակերպելով, ինչպես նաև` ֆինանսապես: Վստահ եմ` այն կանայք, ովքեր սկսել են իրենց գործունեությունը մեր օգնությամբ, կշարունակեն նաև ապագայում»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Թամար Բոճորիշվիլին:

«Մեր արտասահմանյան գործընկերների հետ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Հույս ունեմ` այս միջոցառումից հետո մասնակցության էլ ավելի բարձր մակարդակ կունենանք»,— նշեց խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։

«Միջոցառմանը ներկայացնում ենք «Քաղաքացիական բյուջե» նորարարական նախագիծը: Այն նպաստում է քաղաքացիների ակտիվ ներգրավմանը մունիցիպալ գործունեության մեջ: Քաղաքացիներին տրվում է հնարավորություն մասնակցել նախագծերի ստեղծման, իրագործման և վերահսկման գործընթացներին: Ուրախ եմ նշել, որ իրականացվող նախագծերի շուրջ կեսը կյանքի են կոչվում հենց կանանց կողմից, ընդ որում, ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում բնակվողների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց Մառնեուլի շրջանային ղեկավար Մերաբ Թոփչիշվիլին:
Միջոցառմանը զուգահեռ, ընդունարանում ցուցադրված էին Վրաստանի տարբեր շրջանների բնակիչների կողմից պատրաստված զարդեր, հուշանվերներ և այլ իրեր: