«Հանրապետական» կուսակցության անդամ Վախթանգ Խմալաձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի կողմից որևէ պաշտոնի առաջարկ չի ընդունի։ Այս մասին Խմալաձեն ասել է «Պալիտրա» ռադիոկայանի «երեկոյան թոք-շոու» հաղորդման եթերում:
«Առաջին հերթին պետք է հասկանանք, թե քաղաքացիները մեր կարիքն ունեն, թե ոչ: Ընտրողները մեզ ասացին, որ մեր կարիքը չունեն: Եթե ես ցանկություն ունենայի լինել «Վրացական երազանք»-ում, ապա կանդամագրվեի այդ կուսակցությանը»,-ասել է Վախթանգ Խմալաձեն:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո լուրեր են պտտվում այն մասին, որ «Հանրապետական»-ի որոշ անդամներ հնարավոր է պաշտոններ ստանան «Վրացական երազանք»-ի կողմից։
Ի դեպ, «Հանրապետական»-ը նախորդ (2012թ․) խորհդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք»-ի կազմում էր, իսկ 2016թ․-ի ընտրություններից առաջ դարձավ ընդդիմություն։
«Հանրապետական»-ը հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է քվեների 1,55 տոկոսը՝ այդպիսով չհաղթահարելով 5 տոկոսանոց ընտրական շեմը։