Թբիլիսիում խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածքում միաժամանակ երկու բողոքի ակցիա է ընթանում: Ոստիկանությունը հավելյալ ուժեր է կուտակել Ռուսթավելի պողոտայում։
Երեկ մայրաքաղաքի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման նախաձեռնությամբ սկսված «Հանուն իմ ազատության» խորագրով ակցիայի մասնակիցների դեմ այսօր դուրս են եկել ազգայնական «Երիտասարդ ազգային դաշինք», «Վրացիների քայլեթ» և մի շարք այլ կազմակերպությունների համախոհներ: Ստեղծված լարված իրավիճակը հարթելու նպատակով ոստիկանությունը կենդանի պատ է կազմել՝ թույլ չտալու երկու հակաակցիայի մասնակիցներին հայտնվել նույն տարածքում:
Այդուհանդերձ, օրվա ընթացքում կողմերի միջև մի քանի բախում է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Երիտասարդ ազգային դաշինք»-ի և «Վրացիների քայլեթ»-ի կողմնակիցները քարեր են նետել խորհրդարանի շենքի մոտ երեկվանից կառավարության թմրանյութային կոշտ քաղաքականության դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների ուղղությամբ։
Մայիսի 13-ին «Երիտասարդ ազգային դաշինք»-ի և «Վրացիների քայլեթ»-ի կողմնակիցները ծաղիկներ են դրել ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ նշելով, որ «Սպիտակ աղմուկ» շարժման համակիրների նախօրեին հուշարձանի վրա պարը ոտնձգություն է երկրի համար սրբություն համարվող արձանի նկատմամբ:
«Մենք հարգում ենք հերոսներին: Գիտենք, որ նրանք պայքարում էին մեր ազատության համար։ Այն, որ այսօր այստեղ ենք, նրանց շնորհիվ է: Ով վիրավորանք է համարել նախօրեի պարը, հիշեցնեմ, որ ապրիլի 9-ի զոհերն էլ պարում և երգում էին, երբ նրանց ձերբակալում էին: Եթե նրանք լինեին մեր կողքին, նույն կերպ կվարվեին»,- հայտարարել է «Հանուն իմ ազատության» ակցիայի նախաձեռնող «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդներից Բեքա Ծիքարիշվիլին, ում նախաձեռնությամբ հուշարձանին սպիտակ ծաղիկներ են այսօր խոնարհվել։
«Հանուն իմ ազատության» ակցիայի մասնակիցները ժամանակավորապես անջատել են ակումբային երաժշտությունը, կոչ արել երկրորդ ակցիայի մասնակիցներին խաղաղ կերպով անցկացնել իրենց ցույցը:
Հիշեցնենք՝ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը Թբիլիսիի երկու հայտնի ակումբներում ՝ «Բասիանիում» և «Գալերիում» իրավապահները հատուկ գործողություն են անցկացրել՝ դուրս հանելով ակումբում ժամանակ անցկացնողներին: Արդյունքում թմրանյութեր վաճառելու մեղադրանքով ձերբակալվել է 8 անձ: Բազմաթիվ երիտասարդներ մայիսի 12-ին բողոքի ակցիաներ են սկսել՝ ոստիկանների գործողությունների, ինչպես նաև թմրանյութերի հարցով իշխանությունների կոշտ քաղաքականության դեմ։ Երիտասարդները նշելով, որ իրենց ազատությունը չեն կարող սահմանափակել, Ռուսթավելի պողոտայում ակումբային երաժշտության ներքո պարում էին, ծխում ու համբուրվում։ Գիշերելու նպատակով փողոցում տեղադրված նրանց վրանները, սակայն, ոստիկանները հեռացրել են:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 13-ին արտակարգ հայտարարություն է արել՝ նշելով, որ անձամբ երաշխավորում է Վրաստանում երիտասարդների ազատ խոսքին վտանգ չի սպառնում՝ ավելացնելով, որ անընդունելի է համարում ազատ խոսքի արտահայտման ընթացքում ընդհարումները, «մենք դա թույլ չենք տա»։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրահանգով «Սպիտակ աղմուկ»-ի ակցիային միացել են իր խորհրդականներ Կախա Կոժորիձեն, Աննա Նացվլիշվիլին և Սոֆիո Շամանիդին: Կախա Կոժորիձեի խոսքով, այսօր երկրի թիվ մեկ խնդիրը քաղաքացու խոսքի ազատության իրավունքը պաշտպանելն է։ Նա ասել է, որ հանրահավաքի մասնակից հարյուրավոր, կամ հազարավոր քաղաքացիները պետք է օգտվեն իրենց սահմանադրական իրավունքից:
Ակցիային անդրադարձել է նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Նա իր հարգանքն է արտահայտել Ռուսթավելի պողոտայում անցկացվող ցույցի մասնակիցների նկատմամբ: Կոբախիձեն նաեւ ասել է, որ իշխանությունների առաջնահերթ խնդիրը երիտասարդներին ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելն է։
Հարկ է նշել նաև, որ թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալված 8 անձանց գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին: Հավանաբար, դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 14-ին: Գործի վերաբերյալ նյութերն արդեն փոխանցվել են ձերբակալվածների փաստաբաններին: