Հայ դասական և ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հնչեցին Թբիլիսիում՝ Թումանյանի տանը։
ՀՀ վաստակավոր արտիստուհի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի Մելանյա Բարսեղյանը լսարանին նախ տեղափոխեց հինգերորդ դար, ապա աստիճանաբար հասցրեց մեր օրեր։
«Երբ հետադարձ հայացք ենք ձգում վիրահայ պատմական անցյալին, տեսնում ենք, որ կանայք առանձնապես ակտիվ չեն եղել ու հիմնականում տղամարդիկ են հիացմունք պատճառել. մեր հասարակական գործիչները, մեր անվանի գրողները, բանաստեղծները: Մեր կանայք ավելի շատ եղել են նվիրված իրենց ընտանիքին, դե զարմանալի չէ, այն ժամանակ չի եղել գենդերային հավասարություն: Ավելի ուշ եղան դեմքեր, որոնք փայլեցին, անուն թողեցին մեր հասարակության մեջ: Դրանք էին՝ Գայանե Խաչատրյանը, Մկրտչյանը, Անահիտ Բոստանջյանը, մինչդեռ այսօր արդեն կարող ենք ասել, որ հայ կանանց քանակը գերազանցում է տղամարդկանց՝ ակտիվության իմաստով», — միջոցառման բացմանը ողջույնի խոսքի ժամանակ ասաց «Հայկական գիտահետազոտական կենտրոն Վրաստանում» հասարակական կազմակերպության ղեկավար, բանասիրության պրոֆեսոր Էմմա Ախտյանը: