
Վարորդական իրավունք ստանալ ցանկացողների համար անհայտ կլինեն գործնական թեստի ընթացքում անցնելիք փողոցները: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հետազոտությունների և զարգացման վարչության տնօրեն Բուբա Լոմուաշվիլին: Նրա խոսքերով՝ նման ձևաչափի շնորհիվ վարորդները չեն կարող նախապես ուսումնասիրել ճանապարհը: Փոխանցում է Palitra.ge-ն:
«Բավականին բարդ աշխատանք ենք կատարել, ուսումնասիրել ենք նաև զարգացած երկրներում գոյություն ունեցող համակարգերը, չնայած, հարկ է նշել, որ նրանց չենք ընդօրինակել: Մշակել ենք մեր ուրույն համակարգը, ըստ որի՝ ապագա վարորդը վարորդական իրավունքների գործնական քննությունը կհանձնի Ռուսթավի քաղաքում կամ Թբիլիսիում, սակայն նախապես չի իմանա, թե որ փողոցներում»,-ասել է ՆԳՆ աշխատակիցը։
Ըստ Լոմուաշվիլիի՝ մեքենաների վրա ամրացված կլինեն հատուկ տեսախցիկներ, որոնց օգնությամբ կվերահսկվի քննության ընթացքը։
«Բացառվում է, որ ներքին գործերի նախարարության աշխատակիցն աջակցի քննություն հանձնողին, կամ «աչք փակի» սխալների վրա: Յուրաքանչյուր շարժում կվերահսկվի մեքենաների վրա ամրացված տեսախցիկների միջոցով»,-ասել է Բուբա Լոմուաշվիլին: