Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 7-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1915/07/4 #35
Բուխարեստ. Հունիսի 1
Հայերի վրա հարձակման վերաբերյալ եվրոպական հասարակության առջև արդարանալու նպատակով Օսմանյան կայսրությունը նոտա է հղել եվրոպական պետությունների ներկայացուցիչներին: Նոտայում ասվում է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող բոլոր վայրերից հայերը ժամանակավորապես տեղափոխվել են, որպեսզի հնարավորություն չունենան ենթարկվել ռուսական քարոզչամեքենային: Ռուսները հայերին օգնություն են խոստանում: Օսմանյան կայսրությունից եկած հայերի խոսքերով՝ կայսրությունում հայերի վիճակը շատ ծանր է:
Վրաստան 1915/07/10 #40
Հայերի ապստամբությունը Օսմանյան կայսրությունում
Աթենքի «Բիր. վեդ»-ից տեղեկացնում են` ըստ Ստամբուլից եկած հայերի՝ հունիսի սկզբին հայերն ապստամբել են Խարբերդում, ինչը հետագա զարգացումներ է ունեցել։ Հեղափոխականները գերի են վերցրել կառավարության ներկայացուցիչների, տիրացել պետական և հանրային հաստատությունների, սակայն, 6 օր անց Դիարբեքիրից եկած օսմանյան զորքը կոտորել է հայերին:
Ժողովրդական թերթիկ 1915/07/10 #328
Սոլուն. Հուլիսի 7
Այվալի օսմանական կառավարությունը հրաման է ստացել դրսից երկիր բերել 12 հազար կին և երեխա: Այս հրամանը երիտթուրքերի ծրագրի սկիզբն է, որով նրանք ցանկանում են բռնի ուժով մահմեդականացնել կանանց և երեխաներին:
Վրաստան 1915/07/14 #43
Սոլուն. Հուլիսի 10
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Փոքր Ասիայից և Թրակիայից աքսորվածների թիվը կազմում է 108 հազար: Նրանց կորսված գույքը գնահատվում է 358 միլիոն ֆրանկ: Այս ամենից բացի, կղզիներում և Հունաստանում բնակվում է 140 000 աքսորված:
Հայրենիք 1915/07/14 #128
Բաթումի
«Հորիզոն»-ը գրում է Ժնևի հայկական «Դրոշակ» (Դաշնակցությանը պատկանող) թերթում հրապարակված Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ-բեյին ուղղված կոչի մասին: Կուսակցական թերթը հայ մտավորականների հետապնդման և հայերին ճնշելու հանցանքի մեջ մեղադրում է անձամբ Թալեաթ-բեյին:
Հայրենիք 1915/07/16 #130
Ռազմական տեղեկություն
«Բեռլին լոկալ. անց»-ում դոկտոր Սաադ-բեյը պնդում է, որ հայերը գոյություն չունեն: Միայն մի շրջան կա, որը բնակեցված է տարբեր ցեղերով և մարդկանցով: Գոյություն չունի նաև հայկական ռասա: Վերջում հեղինակը տեղեկացնում է, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները երբեք չեն հետապնդվել և չեն հետապնդվի:
Վրաստան 1915/07/18 #47
Օսմանցի սպաները
Առավոտյան ժամը 9-ն էր, երբ 2 օսմանցի սպա բերեցին: Նրանցից մեկը կապիտան էր, երկրորդը` պորուչիկ: Երկուսի հայացքն էլ լցված էր դառնությամբ: Ոչ մեկին ձայն չէին տալիս, միայն ժամանակ առ ժամանակ զզվանքով նայում էին իրենց շուրջ գտնվող մարդկանց: Նրանք ֆրանսերենից ու օսմաներենից (թուրքերենից) բացի այլ լեզվի չէին տիրապետում: Ես օսմաներեն գիտեմ: Մոտեցա, բարի առավոտ մաղթեցի և ձեռքս մեկնեցի: Առաջին անգամ խեթ-խեթ նայեցին, քիչ անց, երբ հասկացան, որ խոսում եմ իրենց լեզվով՝ հիացմունք ապրեցին և ձեռքս սեղմեցին:
–Դուք ով ե՞ք — հարցրեց կապիտանը
-Այստեղ եմ ծառայում…
–Ոչ, դա չեմ հարցնում, ի՞նչ հավատի եք դավանում:
-Ուղղափառություն, վրացի եմ:
-Որտե՞ղ եք սովորել մեր լեզվով խոսել:
-Ծառայել եմ ձեր սահմանին։
Շատ ուրախ ենք, որ կարող ենք որևէ մեկի հետ խոսել և չնայած պետք է զրույց սկսեի այլ թեմայի շուրջ, ինձ համար ցանկալի էր իմանալ նորություններ ռազմաճակատից, ուստի հարցրեցի.
–Ինչպե՞ս եք ձեզ զգում մեզ մոտ:
-Շատ լավ, մեզ մո՞տ։
-Շատ լավ, մենք չէինք հավատում, որ այսպես կվերաբերվեին, դուք մեր մասին եք վայրագություններ գրում, մենք` ձեր, բայց հավատացնում եմ, ձեր գերիներին մեզ մոտ լավ են վերաբերվում:
-Կապիտա՜ն, ի՞նչ մեղք են գործել ձեր մոտի հայերը, որ այսպես դաժանորեն պատժում եք…
-Դուք, պարո՜ն, այնպիսի հարցեր եք տալիս, որ… ինձ համար հաճելի չեն, սակայն, քանի որ հարցրել եք, կարճ կպատասխանեմ: Այնպես, ինչպես մեծ Ռուսաստանում, մեզ մոտ նույնպես կան «խուլիգաններ», ովքեր խաթարում են խաղաղ կյանքը… Դրանում կառավարությունը մեղքի բաժին չունի: Սակայն մի երկու խոսք կասեմ նաև հայ ժողովրդի մասին` եթե հայերի վրա հարձակում է տեղի ունենում Օսմանյան կայսրությունում, դա նրանց մեղքն է, քանի որ բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են մեր չքավոր գյուղացու արյունը խմելու համար: Մեր պետությունը և ժողովուրդը ծայրահեղական տրամադրություններ ունեն, այդ պատճառով թույլ չենք տա որևէ այլ ազգի իշխել մեզ…Դուք խոսում և գրում եք միայն այն մասին, թե մենք կոտորում և ոչնչացնում ենք հայերին, բայց ինչու՞ չեք գրում, որ նրանք արշավում են մեր գյուղացիների դեմ: Ու՞ր է արդարությունը…
-Մեզ մոտ նույնպես հայեր են ապրում, սակայն նրանք չեն փորձում իշխել որևէ մեկին…
Այստեղ ինձ խանգարեցին: Մարդիկ եկան, ովքեր պետք է գրանցեին գերիներին և զինվորներ բերեին հսկողություն հաստատելու համար, այդ իսկ պատճառով խոսակցությունը ստիպված էի ավարտել:
Ժողովրդական թերթիկ 1915/07/22 #338
Հայ փախստականները
«Լիստոկ»-ին հեռագրով տեղեկացրել են. Մելիազգերթից Էջմիածին է եկել Առաքելյանը և կաթողիկոսին տեղեկացրել, որ Կոպից, Լիսից, Պոնտոսից, Մելիազգերթից և Բիթլիսից 40 հազար փախստական և Էջմիածնի, Թբիլիսիի ու «Նպաստամատույց»-ի սանիտարական զորքերն են եկել: Ճանապարհին բոլոր տղամարդկանց սպանել են, 5 հազար մարդ միայն փրկվել է Սասունում: Այստեղից ևս փախստականների մեծ խումբ է սպասվում: Փախստականներին օգնություն ցուցաբերող գլխավոր կոմիտեն արտակարգ նիստ է հրավիրել: Նրանց կարիքները հոգալու համար Բաքվից 10 հազար մանեթ են ուղարկել: Իրավիճակը ծանր է, «Նպաստամատույց»-ի զորքն օգնություն ցուցաբերելու նպատակով կմնա Էջմիածնում:
Ժողովրդական թերթիկ 1915/07/23 #339
Բուխարեստ. Հուլիսի 20
Ստամբուլում հայերի հետապնդումը կանոնավոր կոտորածի տեսք է ստացել: Արտաքսումը, ձերբակալությունները և մարդկանց բանտեր նետելը` սովորական բնույթ են կրում: Հայերին բռնի ուժով ստիպում են մահմեդականություն ընդունել:
Ժողովրդական թերթիկ 1915/07/23 #339
Հայերը
Մեր դաշնակիցները շատ զոհեր են ունենում Գալիպոլի թերակղզում, որպեսզի հնարավորինս շուտ միմյանց միջև կապ հաստատվի։ Սակայն, մեր դաշնակիցներն անշեղորեն առաջ են գնում: Օսմանցիները զգում են մոտալուտ վտանգը և իրենց ենթակայության տակ գտնվող քրիստոնյա մյուս ժողովուրդների վրա ևս ճնշումներ են գործադրում։ Հայկական կամավորական զորքերը մեզ հետ հերոսաբար կռվում են իրենց բռնակալների դեմ: Այսպես, օրինակ` Վանում 1 ամիս դիմադրել են օսմանական բանակին, մինչ մեր բանակը կազատագրեր քաղաքը: Օսմանացիները նաև հալածում են հույն կանանց, երեխաներին և սա չի կարող Հունաստանի կառավարությանն ու ժողովրդին չանհանգստացնել: Հիմա նրանցից է կախված` կկարողանա՞ն թե ոչ Փոքր Ասիայում բնակվող իրենց հայրենակիցներին այնպես աջակցել, որպեսզի նրանք ստիպված չլինեն համագործակցել իրավունքի և ազատության համար պայքարողների հետ: Վստահ եմ, այլ` չեզոք պետություններ, նույն քայլի կդիմեին:
Վրաստան 1915/07/24 #52
Հայերի կյանքը
«Հորիզոն»-ին Բուխարեստից տեղեկացնում են, որ Օսմանյան կայսրության կառավարությունը ռումինական, գերմանական և ֆրանսիական թերթերում հետևյալ լուրն է հրապարակել.
«Հակառակորդ երկրները մեզ մեղադրում են՝ ասելով, ինչո՞ւ եք հայերին թշնամաբար վերաբերվում: Մեր ռազմական գերատեսչությունները ամեն օր նոր փաստեր են հրապարակում, որոնք ապացուցում են, որ հայերը երկար ժամանակ պատրաստվել են ապստամբության: Վերջին փաստը Շապին-Գարահիսարի դեպքերն են, երբ 500 հայ զինվոր՝ օգնելով հեղափոխականներին, 150 օսմանցի են սպանել և ամբողջ քաղաքն այրել: Հակամարտությունը խաղաղ կարգավորելու մեր բոլոր պնդումներին հայերը պատասխանում են նռնակներով և փամփուշտներով: Կառավարությունը ստիպված դիմել է ծայրահեղ քայլերի և հունիսի 20-ին ձերբակալել ենք ապստամբներին:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը: