Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան այս տարի ավարտեց 11 սան: Ստուդիայի ավարտական աշխատանքը կրտսեր հանդիսականի համար էր, որպես դիպլոմային ներկայացում ընտրվել էր Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի «Ձյունե թագուհին»: Ռեժիսոր՝ Լևոն Ուզունյան։
Պրեմիերան ներկայացվեց Ակակի Խորավայի անվան դերասանի տանը: Դիպլոմային ներկայացմանը ստուդիայի շրջանավարտների կողքին բեմում են նաև թատրոնի փորձառու դերասաններից մի քանիսը:
Ինը տարիների ընթացքում թատրոնին կից ստուդիան հարյուր շրջանավարտ է թողարկել. Նրանցից մոտ 20-ն այսօր թատրոնի գործող դերասաններն են, մնացածը` համալրել է հանդիսատեսի շարքերը: Հետաքրքրական է, որ այս տարվա ստուդիայի գրեթե բոլոր սաները թատրոնի գործող դերասանների երեխաներն են ու նրանց ապագա գործընկերները:
Մինչ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը շտապեց հանդիսատեսին հայտնել սպասված լուրը՝ թատրոնի վերանորոգումը վերջապես սկսված է, երկու տարի անց թվով տասներորդ հոբելյանական թատերական ստուդիան կգործի արդեն թատրոնի նորակառույց շենքում: