Շուրջ երկու տարվա դադարից հետո Հայաստանի հանրային ռադիոյում վաղը՝ հուլիսի 11-ին կրկին կհնչի վրացերենը։ Հանրային ռադիոյի ղեկավարությունը որոշել է վերականգնել վրաց լեզվով հաղորդումները։
Ռադիոյով վրացերեն հաղորդումները դադարեցին 2016-ի ապրիլից, երբ հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն Արմեն Ամիրյանն այլ պաշտոն ստանձնեց, իսկ նրան փոխարինելու եկած, այժմ ՀՀ ազգային ժողովի իշխող՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը դրանք ոչ նպատակահարմար համարեց։
2017-ի հունիսին ռադիոյի տնօրեն նշանակված Մարկ Գրիգորյանն ասում է, որ տնօրեն դառնալու պահից վրացական ծառայության վերականգնումը հրատապ է համարել։
«Անցյալ տարի մեզ չհաջողվեց ֆինանսական աջակցություն ստանալ՝ այդ գաղափարը կյանքի կոչելու համար։ Սակայն նոր կառավարության իշխանության գալուց հետո, մենք խոսեցինք և որոշեցինք ֆինանսական աջակցության տարբերակներ գտնել։ Իսկ մնացած տեխնիկական հարցերը խնդիր չեն։ Ուստի, վաղվանից վրացական ծառայությունն արդեն կայքում աշխատելու է»,-«Ալիք մեդիային» հայտնեց Մարկ Գրիգորյանը։
Այսպիսով, արդեն վաղվանից armradio.info կայքի այլ լեզուների շարքում հասանելի կլինի նաև վրացերենը։