Վրաստանում պահանջում են Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի հրաժարականը

Վրաստանում այսօր՝ ապրիլի 6-ին, մի շարք կազմակերպություններ բողոքի երթ կանցկացնեն՝ պահանջելով  երկրի փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլիի հրաժարականը:

«Համերաշխություն Տղիբուլիին» խորագրով ակցիան, որ կազմակերպում են «Լսարան 115» կազմակերպությունը, «Համերաշխության ցանց- բանվորների կենտրոն»-ը, «Երիտասարդ սոցիալիստներ»-ը եւ Մարդու իրավունքների ուսումնասիրության եւ մոնիտորինգի կենտրոն-ը (Emc), ժամը 17:00-ին կմեկնարկի Թբիլիսիի պետական համալսարանի բակից, կավարտվի Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի մոտ։

Ակցիայի կազմակերպիչները միջոցառման մասին բացված ֆեյսբուքյան էջում ներկայացրել են նախօրեին Տղիբուլիի հանքահորում մահացած 6 աշխատակիցների անունները՝

Գոգի Ռափավա (58 տարեկան), Էլգուջա Բոճորիշվիլի (51 տարեկան), Բեսիկ Գուրգենիձե (49 տարեկան), Միրզա Քուրցիկիձե (45 տարեկան), Գիորգի Բոճորիշվիլի (27 տարեկան), Պավլե Գամեզարդաշվիլի (25 տարեկան):

«2018 թվականի միայն առաջին եռամսյակում աշխատանքային վայրերում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով 18 մարդ է մահացել, ծանր վիրավորանք են ստացել 12-ը:  2017-ին 41 մարդ է մահացել, ծանր վիրավորել՝ 66-ը: Մահացածներից անցած 15 ամիսների ընթացքում միայն Տղիբուլիի հանքահորում զոհվել է 11 մարդ: Էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ կերպով արգելափակում է երկրում անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու մասին քաղաքականության մշակումը: Տեղի ունեցած ողբերգության ողջ պատասխանատվությունը պետք է կրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը՝ ի դեմս Դմիտրի Քումսիշվիլիի»,-նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Կազմակերպիչները պահանջելով Դմիտրի Քումսիշվիլիի հրաժարականը, ակնկալում են նաև տնտեսական քաղաքականության վերանայում: «Այն պետք է ծառայի բնակչության բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը, և ոչ թե կոնկրետ բիզնես-էլիտար խմբերի շահերին»,-ասված է հայտարարությունում։

Բացի այդ, երթի մասնակիցները օրհասական են համարում Տղիբուլիի տնտեսական եւ սոցիալական զարգացման այլընտրանքային ծրագրի մշակումը, ինչը կենթադրի տնտեսության դիվերսիֆիկացիա:

Հիշեցնենք՝ Ապրիլի 6-ը Վրաստանում սգո օր է հայտարարված։

Թողնել պատասխան