Ինտերպոլի վրացական բյուրոյի աշխատակիցը հրազենային վնասվածք է ստացել Թբիլիսիի կենտրոնում: Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը, Վակե թաղամասի Շատբերաշվիլիի փողոցում: Անհայտ անձինք կրակ են բացել BMW X5 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Մեքենայում դեպքի պահին մի քանի մարդ է եղել, նրանց շարքում նաև Վրաստանում «Ինտերպոլի» ներկայացուցիչը, ով միակ տուժողն է: Նա հոսպիտալացվել է Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա, ուր վիրահատության է ենթարկվել:
Այս պահին ևս դեպքի վայրում շարունակում են աշխատել փորձագետ-քրեագետները: Գործի հետաքննությունը նախ ստանձնել է Վրաստանի ՆԳՆ-ն, սակայն ավելի ուշ նյութերը փոխանցվել են Դատախազություն: Դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: