
Վրաստանի համար Հայաստանը երկիր է, որի հետ մեզ կապում են բարիդրացիական բազմադարյա ավանդույթներ և ամուր ազգամիջյան կապեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո:
Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Կարապետյանին` այցի համար:
«Ցանկանում եմ ջերմորեն ողջունել իմ հյուրին և ընկերոջը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք քննարկել մի շարք հետաքրքիր հարցեր` մեր երկրների հարաբերությունների ապագա զարգացման վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ կկարողանանք ձևավորված հարաբերությունների միջոցով կարևոր ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի միջև ջերմ հարաբերությունների հետագա զարգացման գործում: Մենք բարձր մակարդակի հանդիպումների և երկու երկրների ոլորտային սերտ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերեցինք»,- նշել է Կվիրիկաշվիլին:
Ըստ վարչապետի` 2017 թվականը յուրահատուկ է, քանի որ նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Վրաստանի նախագահին: Այցի երկրորդ օրը ծրագրվում է հանդիպում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: