Կվիրիկաշվիլի-Կարապետյան համատեղ հայտարարությունը

karapetyan kvirikՀայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Կարեն Կարապետյանին շնորհակալություն է հայտնել  ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ երկու երկրներ նոր տիպի միջպետական հարաբերությունների հիմքում բազմադարյա բարեկամությունը է։

«Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև»,-ասել է Կվիրիկաշիլին՝ առանձնացնելով 2017 թվականի ընթացքում երկկողմ բարձր մակարդակի հանդիպումները։

«Նախորդ տարվա սկզբին Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը և մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք: Նաև անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի նախագահը, և ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են գտնվում»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նշանակության և հարցերի բազմազանության մասին են խոսում հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները։

«Ուզում եմ նշել, որ մեր պատվիրակության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն»,-ընդգծել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նա նշել է, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը, աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը:

«Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևոր է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, և ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա»:

Վարչապետը ընդգծել է նաև հանդիպմանը տարածաշրջանային նշանակության համագործակցության մասին անդրադարձը: «Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն»,-ասել է նա:

«Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի:

Արձագանքում եմ այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են և իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում»:

Գոհունակություն հայտնելով բանակցությունների արդյունքներից, Կվիրիկաշվիլին տեղեկացրել է, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում շարունակվելու են բանակցությունները տարբեր ուղղություններով, անցկացվելու են անհրաժեշտ մի շարք հանդիպումներ: «Շնորհակալություն իմ բարեկամին՝ ջերմ ընդունելության համար և հաջողություն եմ ցանկանում մեր բարեկամ, եղբայր պետությանը»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Իր խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ  հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ավելացնելով, որ  հանդիպումն անցել է շատ ջերմ և կոնստրուկտիվ մթնոլորտում:

«Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային հարցեր: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին. դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին: Խոսել և պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվացնենք: Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից: Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է: Նորից ողջունում եմ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»,- նշել է ՀՀ վարչապետը:

 

Թողնել պատասխան