
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին փետրվարի 22-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի հանրապետություն:
Ինչպես «Interpressnews» հայտնել են վարչապետի մամլո գրասենյակից` Չեխիայի հանրապետության կառավարության պալատում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է իր չեխ գործընկեր Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Այնուհետև պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցություններ են տեղի ունեցել:
Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում է ունենալու նաև Չեխիայի Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող վրացի երիտասարդների հետ: Պատվիրակության կազմում են նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և Արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն: Այցը կավարտվի փետրվարի քսաներեքին: