Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին՝ Շոթա Ռուսթավելի պողոտայում լեգենդար «Լաղիձեի ջրերը» վերականգնելու խնդրանքով. «Հույս ունեմ, որ մեր Թբիլիսիում շատ կլինեն այսպիսի նորացված վայրերը: Ես ուզում եմ, որ մենք «Լաղիձեի ջրերի» և խաճապուրիի վերածնման ականատեսը լինենք, որոնք անհետացել են պողոտայից: Ես ուզում եմ մեր քաղաքապետին առաջարկել՝ ինչ-որ կերպ վերադարձնել այդ վայրը՝ իհարկե առանց որևէ ընկերության իրավունքները խախտելու»:
Կվիրիկաշվիլին ասել է, որ այս կերպ հնարավոր կդառնա Ռուսթավելի պողոտայում ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել, իսկ այն մարդկանց համար, ովքեր նշված վայրի հետ կապված հիշողություններ ունեն, այս նախագիծն առավել կարևոր է:
Ի պատասխան Կալաձեն ասել է, որ կանի ամեն ինչ՝ Թբիլիսիի երբեմնի տեսարժան վայրը վերականգնելու համար:
«Լաղիձեի ջրերի» պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարի վերջերից, երբ երիտասարդ գործարար Միտրոֆան Լաղիձեն որոշեց սառը խմիչքներ արտադրել՝ օգտագործելով ոչ թե քիմիական հավելումներ, այլ մրգեր, բույսեր և հատապտուղներ: 20-րդ դարի սկզբին բացվեց «Լաղիձեի ջրերի» առաջին խանութը: Փոքր-ինչ ուշ նույն տեղում ավելացավ նաև խաճապուրի ուտելու կետը: Ժամանցի այս վայրը դարձավ հանրահայտ, գործեց խորհրդային ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև 90-ականները: 2014-ին նույն՝ պատմական վայրի նկուղում, նորից սկսեցին մատուցել «Լաղիձեի ջրերը» և խաճապուրի, սակայն այս ընկերությունը ոչ մի կապ չունի Լաղիձե ընտանիքի հետ: Ընտանիքը բազմիցս դիմել է կառավարությանը՝ տեղի գնման իրավունք ստանալու խնդրանքով։