Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ երկրի օրենսդիր մարմինը չի ընդունի սահմանադրական այնպիսի մի դրույթ, որը բացասաբար կգնահատվի Վենետիկի հանձնաժողովի կողմից:
Նա ընդգծել է, որ երկրի Սահամադրության բարեփոխումների շուրջ Վենետիկի հանձնաժողովի բոլոր առարկություններն ամենայն ուշադրությամբ վերանայվելու են:
«Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հարցերը: Կքննարկենք բոլոր մանրամասները, որոնք առընչվում են հանձաժողովի աշխատանքին: Արդեն պայմանավորվել են համագործակցության ծրագրերի մասին: Հաշվի կառնվեն բոլոր այն առաջարկությունները, որոնք կարվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից: Վրաստանի խորհրդարանը չի ընդունի այնպիսի որոշում, որը բացասաբար կգնահատվի Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- վստահեցրել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ այս օրերին Վրաստանում են Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, նախագահ Ջանի Բուքիքիոյի գլխավորությամբ։
Լուսանկարը՝ «Agenda.ge»-ի