Վրաց օդաչու Իոսիֆ Օսորաուլին, ում գերի էին վերցրել Կոնգոյի դեմոկրատական հանրապետության ապօրինի զինված խմբի անդմները, զոհվել է: Այս մասին հայտնել է «M 23» ապստամբ խմբի առաջնորդ Բերտրան Բիսիմվան: Օսորաուլին Վրաստանի ԶՈւ-ի պահեստազորի գնդապետ է: Երկու տարի առաջ նա սեփական ցանկությամբ մեկնել էր Կոնգո, ուր օդաչու էր աշխատում: Նա մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ: Վրաստանի իշխանությունները տեղյակ չեն Օսորաուլիի՝ Կոնգոյում գտնվելու պատճառների մասին: Վրաստանում Կոնգոյի դեսպանատուն չկա, կապը պահվում է Հարավաֆրիկայն հանրապետության դեսպանատան միջոցով:
Կոնգոյի կառավարության և ապստամբ խմբերի միջև հակամարտությունը սկզիբ է առել 2004-ին: «M 23» ապստամբ խմբի կողմից օդաչուն գերեվարվել էր այս տարվա հունվարին: Ըստ որոշ տեղեկությունների՝ օդաչուի ազատ արձակման դիմաց ապստամբները միլիոն դոլար էին պահանջել: Մայիսին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է` օդաչուն զոհվել է:
«Ձեր քաղաքացին մահացել է մայիսի 13-ին կամ 14-ին: Մենք պետք է նրան հանձնեինք Վրաստանի արտգործնախարարության պատվիրակությանը, Կոնգոյի կառավարությունն անսպասելի հարձակվեց մեզ վրա, ինչի հետևանքով զոհվեց նաև ձեր քաղաքացին, ևս վեց մեր զինվորները, ովքեր պաշտպանում էին օդաչուի անվտանգությունը»,- ասել է խմբի առաջնորդը՝ հերքելով լուրն այն մասին, թե իրենք փրկագին են պահանջել: «Մենք հացագործ խմբավորում չենք, որոնք գումար են պահանջում մարդկանց ազատելու դիմաց: Մեր միակ պայմանն էր, որ նա այլևս չգա Կոնգո և չմասնակցի Կոնգոյի քաղաքացիների դեմ պայքարում»:
Վրաստանի արտգործնախարարությունը ևս հայտնում է, որ օդաչուն զոհվել է: «Ապստամբները նշում են կոնկրետ հասցեն, ուր տեղի է ունեցել բախումը և պատրաստ են համապատասխան միջազգային կազմակերպությունների միջամտության պարագայում օգնել գտնել օդաչուի մարմինը և տեղափոխել Վրաստան»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Զվիադ Գոնաձեն:
Օսորաուլիի կինը ամուսնու մահվան լուրին չի հավատում: Նինո Օսորաուլին պահանջում է, որպեսզի իշխանությունները զերծ մնան նման լուր տարածելուց, քնաի դեռ օդաչուի ճակատագիրը վերջնականապես պարզ չէ: «Ես չեմ հավատում այդ տեղեկությանը: Նրանք կապվե˚լ են Կոնգոյին իշխանությունների հետ, հարցրե˚լ են ինչ է տեղի ունեցել: Կոնգոյի իշխանությունները հերքել են նրա մահվան լուրը: Թող անեն ամեն հնարավորը»,-ասել է օդաչուի կինը: