«Ընտանեկան ժողովը որոշում կայացրեց ընտրել «մասնագիտությունների մասնագիտությունը»: Անուշիկ Ղուբասարյանը Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի արդեն 5-րդ կուրսի ուսանող է: Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագիրն Անուշիկի համար «1+6» էր, չնայած, ինչպես խոստովանում է նա՝ բժշկական համալսարանի ուսանողների համար հավելյալ 2 տարին ապագա բժշկուհուն բոլորովին հետ չի պահել գնալ երազանքի հետեւից:
Անուշիկը պատրաստվում էր ուսումը շարունակել Երեւանում, երբ պատահաբար իմացավ «1+4» ծրագրի գոյության մասին:
«Բախտի ընձեռած նման հնարավորությունը բաց թողնել չէր կարելի,- անկեղծանում է ուսանողուհին,-«1+4»-ը ինտեգրման մեծ հնարավորություն էր, որովհետեւ մենք՝ հայկական գյուղերի բնակիչներս, մեկուսացված ենք ապրում՝ մենք մեզանով: Առաջին անգամ Թբիլիսի գալուց դժվար էր ադապտացվելը, սակայն ցանկության դեպքում՝ հասարակության մեջ որպես լիարժեք քաղաքացի ընկալվելու մեծ հնարավորություն է տրվում»:
Անուշիկը չի շրջանցում նաեւ ծրագրի բացասական կողմերը.
«Նախ չկար որոշակի ծրագիր, որով մեզ կդասավանդեին, նաեւ բժշկականի հետ կապված ոչինչ չէինք սովորում: Դժվար էր նաեւ այն, որ հայերս միասին էինք: Եթե մի խմբում սովորեինք ադրբեջանցիների հետ, ընդհանուր լեզուն վրացերենը կլիներ: Կարելի է ասել մենք վրացերեն սովորելու փոխարեն՝ դասախոսին հայերեն սովորեցրինք»։
Ծրագրով ընդունվողներին Անուշիկը խորհուրդ է տալիս.
«Պետք է գիտակցել սպասվող աշխատանքի ծանրությունը: Ամեն ինչ կախված է նրանից, թե 1 տարում ինչքան կսովորեն: Պետք է արդյունավետ օգտագործեն ժամանակը: Հարկավոր է նաեւ փորձել ճանաչել վրաց մշակույթը եւ ոչ մի դեպքում չամաչել լեզվի չիմացությունից»:
Պրակտիկայի համաձայն՝ բժիշկների մեծամասնությունը կարիերայի առաջին քայլերն արել են սանիտարի կարգավիճակում, Անուշիկի դեպքում՝ առաջին պաշտոնը եղել է միանգամից բուժքույրի օգնականը:
«Առաջին կուրսում պրակտիկա էի անցնում հանրապետական հիվանդանոցի կարդիոլոգիայի բաժանմունքում: Հիշում եմ, երբ դռներից տեսա, թե ինչ վիճակում էին հիվանդները, աղոթում էի, որ վերակենդանացման բաժինը դա չլիներ, պարզվեց, որ դա հենց վերակենդանացման բաժինն էր: Ընթացքում ընտելացա, չնայած առաջին կուրսի համար շատ ծանր էր»։
Անուշիկն աշխատել է նաեւ Արամյանցի՝ այժմ համար 1 հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնում, ինչպես նաեւ Իաշվիլիի մանկական հիվանդանոցում: Այս պահին Անուշիկն իր մասնագիտացման ճանապարհն անցնում է «Տրավմատոլոգ» կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժնում: Անուշիկի առաջադիմության մասին խոսեցինք կլինիկայի տնօրեն Բուբա Շալամբերիձեի հետ.
«Արդեն 6 ամիս է ճանաչում ենք Անուշիկին, պատասխանատու եւ ձգտող անձնավորություն է, եթե այսպես շարունակի, վստահ եմ՝ լավ մասնագետ կդառնա»։
Անուշիկը խոստովանում է՝ աշխատելով հիվանդանոցում ստանում է ոչ միայն մասնագիտական, այլեւ կյանքի դասեր.
«Շփվելով հիվանդների հետ, օգնելով նրանց՝ ավելի եմ գնահատում կյանքի ամեն մի ակնթարթ: Սկսել եմ հասկանալ, որ հարազատներին առողջ տեսնելն ինքնին երջանկություն է»։
«1+4»-ը վրացերեն լեզվի վերապատրաստման կրթական ծրագիր է՝ նախատեսված Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար։