Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ըստ ԶԼՄ-ների՝ Արկադի Բաբչենկոյի կինը նրան հայտնաբերել է տանը՝ մեջքի շրջանում հրազենային վիրավորում ստացած: Լրագրողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
«Կինը եղել է լոգասենյակում, ճիչեր լսելով՝ դուրս է եկել և տեսել ամուսնուն արնաշաղախ վիճակում: Շտապօգնություն է կանչել, նրան տարել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոն՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում:
Արկադի Բաբչենկոն ռուս լրագրող է։ Չեչնիայում պատերազմի տարիներին զինծառայություն անցած Արկադի Բաբչենկոն հայտնի է դարձել որպես ռազմական լրագրող: Եղել է Art of War ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, համագործակցել է ռուսական մի շարք պարբերականների հետ: Բաբչենկոն հայտնի էր նաև Ռուսաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով:
2017 թվականին նա Ռուսաստանից տեղափոխվել է Չեխնիա, ապա հաստատվել Ուկրաինայում: Իր տեղափոխությունը նա բացատրել է այն հանգամանքով, որ Ռուսաստանում իրեն կարող են ազատազրկել: