Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը, պետանվտանգության ծառայությունը, ոստիկանության պարեկային ծառայությունը համատեղ գործողությունների արդյունքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բացահայտել են եվրոպական երկրներ կեղծ անձնագրերով այցելությունների փաստ: Ապօրինի գործողությունների հիմնական հեղինակը Թուրքիայի քաղաքացի Բերկանտ Դ.-ն է, ով անձամբ և այլ անձանց հետ հանցավոր կապերի օգնությամբ խոշոր գումարի դիմաց ապահովել է Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիների մուտքը երոպական երկրներ՝ անվավեր անձնագրերի միջոցով: Գումարը ստանալուց հետո հանցավոր խումբը տվյալ անձանց համար այլ անուն ազգանուններով կեղծ անձնագրեր է պատրաստել, որոնցով միաժամանակ ավիատոմսեր են ձեռք բերել ինչպես Թուրքիա ուղղությամբ, ուր Իրանի քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի իրավունքից, այնպես էլ դեպի եվրոպական որևէ երկրիր: Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացիները անցնում էին և Թուրքիայի և եվրոպական երկրի գրանցումը: Հանցավոր սխեման բացահայտելուց հետո իրավապահներն օդանավակայանում կանխել են քաղաքացիներից մեկի՝ Թուրքիայի փոխարեն այլ երկիր մեկնելու փորձը:
Հանցավոր խմբի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ-ի 362 հոդվածի առաջին մասով՝ կեղծ փաստաթղթերի և կնիքի պատրաստում, պահում, գործածում: Ձերբակալվածի բնակարանից առգրավվել են տարբեր երկրների կեղծ անձնագրեր: Նույն մեղադրանով ձերբակալվել է նաև Իրանի մեկ քաղաքացի, ով գործածել է կեղծ փաստաթղթերը: Թբիլիսիի քաղաքային դատարանը երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: Ոստիկանությունը պարզել է նաև Իրանի հինգ քաղաքացու ինքնություն, ովքեր ծրագրում էին օգտվել կեղծ փաստաթղթերից: