Կարկուտը վնասել է բերքը՝ գյուղացիներին թողնելով կոտրած տաշտակի առջև

Հուլիսի 20-ի երեկոյան Ախալքալաքի և Նինոծմինդայի մի շարք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, որի հետևանքով, ամբողջությամբ կամ մասամբ վնասվել են տարբեր տեսակի ցանքատարածություններ: Գյուղացիները ոգևորված էին սպասում այս տարվա բերքահավաքին: Երկու օր շարունակ մարդիկ խոսում են կարկուտի հետևանքների մասին:

Թորիա գյուղի բնակիչ Ջիվան Մալխասյանի խոսքերով՝ կարկուտը կոտորել է գյուղի բոլոր բնակիչների արտերն ու բանջարանոցները: Նա երկու օր շարունակ շրջում է իր արտերում ու ցավով արձանագրել է, որ կարկուտը «ամեն ինչ սրբել, տարել է»:

 

«1 հա գարիի, ցորենի ու կարտոֆիլի արտերն ամբողջությամբ ավերված են: Նույնիսկ դռան դիմաց ցանած կաղամբը, լոլիկն ու վարունգը, որոնք ամեն օր մշակել եմ, 5 րոպեում ավերվեց», — նշեց Ջիվան Մալխասյանը՝ հավելելով, որ իրենց «ոչ մեկն էլ օգնություն չի ցուցաբերի»:

 

Թորիա գյուղի մեկ այլ բնակիչ Արարատ Պետրոսյանը նշեց, որ եթե գոնե մի քանի օր ուշ տեղար կարկուտը, հնարավոր կլիներ գոնե բերքի մի մասը հավաքել:

 

«Գրեթե 3 հեկտար հացահատիկային բույսեր և ավելի քան հեկտար ու կես կարտոֆիլ է վնասվել: Այս տարի շատ բերքառատ տարի էր և լավ բերքի էինք սպասում: Մոտավոր հաշվարկներով կարող եմ ասել, որ 8-10 հազար լարիի վնաս եմ կրել»- նշեց Պետրոսյանը:

 

Ավելի ուշ գյուղ ժամանեցին Նինոծմինդայի շրջանում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Արմեն Ամիրխանյանը և Հեշտիա գյուղական համայնքում Նինոծմինդայի քաղաքապետի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը:

 

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Եգոր Քոթոյանն ասաց, որ Հեշտիայի գյուղական համայնքից ամենաշատ վնասը կրել է Թորիա գյուղը։ Վնասը մոտավոր հաշվարկներով Թորիայում կազմում է 500 հեկտար, իսկ Ուչմանա և Հեշտիա գյուղերում՝ մոտավոր 100 հեկտար: Նա նշեց, որ վնասված ցանքատարածությունները նկարել են և ուղարկել համապատասխան մարմիններին:

karkut1

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ըստ Եգոր Քոթոյանի՝ տարիներ շարունակ գյուղացիներին հորդորվում է ապահովագրություն անել իրենց սեփականության տակ գտնվող հողերի համար:

«Նինոծմինդայի շրջանում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության  ներկայացուցիչ Արմեն Ամիրխանյանը երկուշաբթի նամակով կդիմի նախարարությանը, իսկ ես արդեն դիմել եմ քաղաքապետարանին: Սակայն գյուղացիները չունեն ապահովագրություն և այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող: Քաղաքապետարանի բյուջեում բավական գումար չկա որպեսզի օգնություն ցուցաբերենք գյուղացիներին: Ինչ վերաբերում է այն բնակիչներին, որոնց տների կտուրներն են վնասվել կամ գույքային այլ վնասներ են կրել, հնարավոր է, չնչին փոխհատուցում ստանան քաղաքապետարանի կողմից», -նշեց Եգոր Քոթոյանը:

 

Թողնել պատասխան