Վրաստանի ֆինանսների նախարարության հետախուզական վարչությունը` կաշառք վերցնելու հիմքով ձերբակալել է Թբիլիսիի մունիցիպալիտետի` Սամգորիի համայնքապետարանի աշխատակից Գիորգի Գվենետաձեին:
Հետախուզական վարչության տարածած տեղակատվության համաձայն` մեղադրյալը` մայրաքաղաքի Սամգորի թաղամասում սննդարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու եւ համայնքային կառույցի կողմից պաշտպանություն տրամադրելու դիմաց, գործարարից կաշառք է պահանջել, ինչպես նաեւ հարկի տեսքով ամսական 300 լարիի չափով գումար:
Ֆինանսների նախարարության հետախուզական վարչության համաձայն` մեղադրյալը նախօրոք վերցրել է «ամսական հարկի» կեսը՝ 150 լարին: Ձերբակալության պահին, Գիորգի Գվենետաձեն փորձել է փախուստի դիմել` վնասելով հետախուզական վարչության աշխատակիցներից մեկի ավտոմեքենան: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է 6-ից 9 տարվա ազատազրկում: