
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ղեկավարներին: Թբիլիսիի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում է հայտնի դարձել, որ քաղաքապետարանի աշխատակազմը կղեկավարի Վլադիմեր Ճիղլաձեն:
Իրավաբանական վարչության ղեկավար է նշանակվել Սերգո Բիրկաձեն, ֆինանսական վարչությունը կղեկավարի Գայոզ Թալակվաձեն, վերահսկողության վարչությունը՝ Գիորգի Բագրատիոնին, առողջապահության եւ սոցիալական ծառայության վարչությունը կղեկավարի Գելա Չիվիաշվիլին, մշակույթի վարչությունը՝ Սոփիո Խունծարիան:
Նշանակվել են նաեւ կրթության, սպորտի եւ երիտասարդության, տրանսպորտի, էկոլոգիայի եւ կանաչապատման, վաճառքների, անվտանգության, տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարները:
Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին և հաջողություն մաղթել նոր աշխատակիցներին: