Վրաստանում կրոնական պատճառներով բանակում ծառայել խուսափողներին առաջարկվել է ծառայություն անցնել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման հրշեջ-փրկարարական ծառայության կազմում:
Այս մասին տեղեկացնում է « Իմեդի» հեռուստաընկերությունը հղվելով իշխանության նոր նախաձեռնությանը:
Վրաստանի իշխանությունը մտադրվել է օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնել այն բանից հետո, երբ «Գիրչի» (կոն) ընդդիմադիր կուսակցությունը երիտասարդներին օրենքի շրջանակներում ծառայությունից ազատվելու եղանակ էր առաջարկել: 2017թ.-ին կուսակցությունը գրանցել էր «Աստվածաշնչյան ազատություն- Վրաստանի քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցի» կազմակերպությունը եւ երիտասարդություն հավաքել որպես հոգեւոր ծառաներ:
Ըստ օրենքի՝ եթե երիտասարդը եկեղեցում ծառայելու մասին փաստաթուղթ է ներկայացնում, կարող է չծառայել բանակում: Արդյունքում, «Գիրչի»-ի շնորհիվ, մինչեւ այս պահը Վրաստանի կառավարությունը չի կարողացել բանակ կանչել ավելի քան 3 հազար քաղաքացու:
«Խոսքը զինծառայության այլընտրանքային տարբերակի մասին է: Սա նշանակում է, որ այն անձանց, ովքեր բանակում ծառայելուց ազատվել են կրոնական պատճառներով, կկանչենք մենք: Մենք պայմաններ կստեղծենք, որ նրանք զինծառայություն անցնեն արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տիրապետեն հրշեջ-փրկարարական հմտություններին եւ արդեն այդ գիտելիքներով գրանցվեն որպես պահուստային»,- ասել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին: