Մայիսի 31-ին Թբիլիսիում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև, առավել բազմամարդ հանրահավաք են խոստանում։ Բողոքի ցույցը նախատեսվում է սկսել ժամը 16:00-ին։
Երեկ կեսգիշերից հետո ակցիայի մասնակիցների մի մասը վրաններ է տեղադրել խորհրդարանի շենքի մոտ և գիշերել այնտեղ:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների պատճառը Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով «անարդար» որոշումն է։ Ըստ դրա՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածյալին է դատարանը մեղավոր ճանաչել: Դատարանի որոշումից հետո բողոքի ակցիա էր նախաձեռնել սպանվածներից մեկի` Սարալիձեի ընտանիքը:
Ակցիայի կազմակերպիչները համոզված են, որ այսօրվա ակցիան առավել մարդաշատ է լինելու, քանի որ, ինչպես իրենք են նշում, երկրի արդարադատության վճիռները քաղաքացիներն անարդար են համարում։ Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։