
Ժամը 12:00-ի դրությամբ, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլին է մասնակցել 315 հազար քաղաքացի, կամ՝ ընտրողների 12,71 տոկոսը: Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն։
Նրա խոսքով, 50 ընտրատարածքներից, որտեղ ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, ընտրողների առավել բարձր ակտիվություն է նկատվել Մցխեթայի թիվ 37-րդ ընտրատարածքում։ Այստեղ ընտրողների ակտիվությունը կազմել է 22,7 տոկոս։
Ակտիվություն են ցուցաբերել նաև Լանչխութի/Չոխատաուրի (19,9 տոկոս) և Բաղդադի/Խարագաուլի ընտրատարածքների ընտրողները (18,5 տոկոս):
Ընտրությունները պասիվ են ընթանում հատկապես Գորիի 41-րդ ընտրատարածքում։ Ժամը 12-ի դրությամբ այստեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 7,2 տոկոսը: Ցածր ցուցանիշ է արձանագրվել նաեւ Իսանիի թիվ 9 ընտրատարածքում (7,9 տոկոս):
«Այս պահի դրությամբ բոլոր ընտրատարածքներում ընտրական գործընթացն անցնում է խաղաղ միջավայրում»,- հայտարարել է Աննա Միքելաձեն: