Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ սխալ է որակվում 2003-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանատան արձագանքի՝ Միխեիլ Սահակաշվիլիի մեկնաբանությունը։ «Ռուսթավի 2»-ի եթերում, իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում, Սահակաշվիլին իր ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել 2016-ի ընտրություններում ընտրակեղծիքները կանխել չկարողանալու մեջ: Համեմատելով 2003-ի ընտրությունների հետ, Վրաստանի նախկին նախագահը ասել է, թե կուսակցությունը չպետք է հույս ունենար, որ իշխանությունները ընտրակեղծիքների չեն դիմելու և չակընկալել միջազգային դիտորդների խիստ արձագանք: Սահակաշվիլին նշել է, որ 2003-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային կեղծիքներից հետո Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մայլսը համոզել է իր կուսակցությանը` համակերպվել արդյունքների հետ և մտնել խորհրդարան: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն այս առիթով գրում է․ «2003 թվականի Խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահակաշվիլիի հայտարարությունը սխալմունք է: ԱՄՆ-ի պետքարտուղարը նոյեմբերի 3-ին անհանգստություն է հայտնել ինչպես ընտրությունների ընթացքի, այնպես էլ ձայների հաշվարկի հետ կապված: Վրաստանում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամերիկյան կողմը կոչ էր արել երկրի կառավարությանը թափանցիկ պայմաններում լուծել ընտրությունների հետ կապված խնդիրները, իսկ 2003-ի նոյմեբերի 19-ին, երբ հայտարարվեցին ընտրությունների արդյունքները, պետքարտուղարությունը անմիջապես վրդովմունք հայտնեց արդյունքների վերաբերյալ»:
Որպես ապացույց ամերիկյան դիվանագիտական առաքելության էջում ներկայացված է նաև 2003-ին այս առիթով արված հրապարակումը, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն հիասթափված է 2003-ի նոյեմբերին անցկացված ընտրություններով, որոնք չեն արդարացրել ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի առջև ունեցած` Վրաստանի պարտավորությունները։
Հիշեցնենք, որ 2003-ի նոյեմբերի 2-ին, Վրաստանում խորհրդարանական ընտրույթունների հաջորդ օրը «Ռուսթավի 2»-ը հրապարակեց Էքզիթ պոլի արդյունքները, ըստ որոնց առաջատար էր Սահակաշվիլիի` «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը: Վրաստանի ԿԸՀ-ն քվեաթերթիկների կեսի հաշվարկից հետո հայտարարեց,թե հաղթանակ է տարել «Հանուն Վրաստանի» իշխանական դաշինքը: Ընդդիմությունը պահանջեց արդյունքների ամբողջական չեղարկում, հայտարարելով, թե դրանք կեղծվել են։ Երկրում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ։ Ցուցարարները պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում և նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հարաժարականը: 2003-ի նոյեմբերի 23-ին ընդդիմության կողմնակիցները գրավեցին կառավարության շենքը՝ անհնարին դարձնելով կառավարության առաջին նիստի անցկացումը: Այն ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Իգոր Իվանովի միջամտությամբ բանակցություններ սկսվեցին Շեւարդնաձեի և ընդդիմության միջև, որոնց արդյունքում նախագահը հայտարարեց իր հրաժարականի մասին: Այս իրադարձությունները ստացան «Վարդերի հեղափոխություն» անունը: Վրաստանի նոր վարչակազմը պաշտոնապես ճանաչող առաջին պետությունը ԱՄՆ-ն էր: