Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. «Հանրապետական» կուսակցություն

Վրաստանի Հանրապետական կուսակցությունը երկրի ամենահին կուսակցություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1978թ-ին: Ի տարբերություն այս շրջանում գործող այլ ընդհատակյա կուսակցությունների, որոնց ուշադրությունը հիմնականում ԽՍՀՄ սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունն էր, «Հանրապետականները» Վրաստանի անկախությունը վերականգնելը հռչակել էին որպես նպատակ՝ քաղաքական պլուրալիզմը, ժողովրդավարության արմատավորումը եւ մամուլի ազատությունը եւս այս կուսակցության նպատակներից էր։

1983-84թթ, Խորհրդային ՊԱԿ-ը ձերբակալում է կուսակցության առաջնորդներից 4-ին, որոնք մեղադրվում են Թբիլիսիում, Բաթումում, Սուխումիում, Զուգդիդիում, Տկղիբուլիում եւ Ճիաթուրայում գաղտնի քաղաքական խմբեր ձեւավորելու մեջ: 1984թ. ապրիլի 20-ին Վրաստանի ԽՍՀՄ բարձրագույն դատարանը փաստացի ընդունում է Հանրապետական կուսակցության գոյության փաստը: 1990թ․ հոկտեմբերի 28-ին «Հանրապետականներն» առաջին անգամ մասնակցում են բազմակուսակցական ընտրությունների եւ դեռեւս Խորհրդային Վրաստանի Գերագույն խորհրդում 3 մանդատ ստանում:

1991թ․ հունիսին Հանրապետական կուսակցությունը ձայների 20 տոկոսն է ստանում՝ Աջարիայի ինքնավար հանրապետության բարձրագույն խորհրդի ընտրություններում, որտեղ հիմնում՝ ընդդիմադիր «Աճարա» խմբակցությամբ: 1991-92թթ․ հեղափոխության արդյունքում հանրապետականները դառնում են կառավարության ժամանակավոր ղեկավարները՝ խորհրդատվական եւ պետական իրավասություններով։ Ավելի ուշ հանրապետականները միանում են «Ազատ դեմոկրատական միություն» եւ «ժողովրդավարական ընտրություններ Վրաստանի համար» քաղաքական կազմակերպություններին, ինչի արդյունքում 1992թ. հոկտեմբերի 11-ի խորհրդարանական ընտրություններում ապահովում են 10 պատգամավորական մանդատ եւ ստեղծում «Հանրապետականներ» ընդդիմադիր խմբակցությունը:

1997թ․ կուսակցությունը հրապարակում է հայեցակարգ՝ Աբխազիայի հակամարտության լուծման հնարավոր ճանապարհների վերաբերյալ: 1999թ. Հանրապետական կուսակցությունը կոալիցիա է կազմում «Ազգային ժողովրդավարական» եւ «Արդյունաբերողներ» կուսակցությունների հետ, որն անվանվում է «Երրորդ ճանապարհ»: Կոալիցիայի հիմնական կարգախոսն էր «Ո՛չ Շեւարնաձե, Ո՛չ Աբաշիձե»: 1999թ․ խորհրդարանական ընտրություններին կոալիցիան հավաքում է 4,46 տոկոս ձայն, չկարողանալով հաղթահարել անցողիկ 7 տոկոսը: Հանրապետականները շարունակում են պայքարն ընտրություններում պարտվելուց հետո, սակայն չստանալով համախոհների բավարար աջակցությունը, կոալիցիան ցրվում է:

2001թ. խորհրդարանի առջեւ անցկացված բազմահազարանոց ակցիայի ընթացքում «Հանրապետականները» հայտարարում են «Վրաստանը առանց Շեւարնաձեի» կարգախոսը, որին աջակցում է 2002-ին հիմնված «Ազգային շարժումը», որն էլ իր մեջ ներառում է Սաակաշվիլի-Դավիթաշվիլիի Ազգային շարժում, Հանրապետականներ, Զվիադ Ձիձիգուրիի «Ազգային ուժերի միավորում- պահպանողականներ քաղաքական կազակերպությունները։ 2002թ. հունիսի 2-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ազգային շարժում-ժողովրդավարական ճակատ»-ը ձայների 24 տոկոս է ստանում Թբիլիսիում: Միխեիլ Սաակաշվիլին դառնում է սակրեբուլոյի՝ ավագանու ղեկավար, Դավիթ Բերձենիշվիլին՝ միացյալ խմբակցության ղեկավար: Ավելի ուշ՝ 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո հանրապետականները Սաակաշվիլիի հետ ձեւավորում են նոր կառավարություն, այսպիսով Փաստացի հասնում իրենց կողմից նախապես հռչակված հիմնական նպատակին՝ ազատվել Շեւարնաձեից եւ Աբաշիձեից:

Վարդերի հեղափոխությունից ընդամենը 1 տարի անց՝ 2004թ-ին, «Հանրապետականները» սկսում են լայնորեն քննադատել Սաակաշվիլիի վարած քաղաքականությունը, ինչը ավարտվում է նրանով, որ կուսակցությունը դուրս է գալիս Ազգային շարժման շարքերից՝ վերածվելով ընդդիմադիր կուսակցության: Այժմ կուսակցության գլխավոր հակառակորդները Ազգային շարժման ներկայացուցիչներն էին: 2004թ. Աջարիայի բարձրագույն խորհրդի ընտրություններում հանրապետականները 30-ից ընդամենը 3 մանդատ են ստանում, միեւնույն 3 հոգով էլ հայտնվում Թբիլիսիի սակրեբուլոյում: 2006թ հոկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով «Հանրապետականը» միավորվում են «Պահպանողական» կուսակցության հետ՝ հավաքելով ձայների 8,6 տոկոս, այսպիսով գրավելով 2-րդ տեղը (իշխող կուսակցությունից հետո): Կուսակցության պաշտոնական էջից կարդում ենք. «2008թ-ին, երբ պատերազմ էր ընթանում, մեր կուսակցությունը՝ ի տարբերություն մնացածների արձագանքեց դրան, հայտարարելով, որ տեղի է ունեցել այն ինչ չպիտի տեղի ունենար, ինչից խուսափելը եւ պարտադիր էր եւ հնարավոր:

2008-ին հանրապետականները եւս մեկ անգամ կոալիցիա են կազմում՝ այս անգամ «Նոր աջերի» հետ: 2009-ին ստեղծվում է «Ալյանս հանուն Վրաստանի» դաշինքը, որի կազմում էին հանրապետականները, նոր աջերը եւ Ալասանիայի քաղաքական խումբը՝ վերջինի ղեկավարմամբ: 2009թ-ին տեղի է ունենում կուսակցության թվով 13-րդ համագումարը: Համագումարի հանձնաժողովը իր առաջին իսկ նիստի ընթացքում Դավիթ Ուսուփաշվիլիին ընտրում է որպես կուսակցության ղեկավար: Հանրապետական կուսակցությունը ընդդիմադիր «Ութնյակի» մեջ է մտնում, որտեղ ներկայացված էին՝ «Նոր աջերը», «Ազգային ֆորումը», «Ազատ դեմոկրատները», «Պահպանողական կուսակցությունը», «Վրաստանի ճանապարհը», «Քրիստոնյա ժողովրդավարական շարժումը» եւ «ժողովրդի կուսակցությունը»: «Ութնյակի» կազմում մտնող կուսակցությունների գլխավոր նպատակն է դառնում ընտրական ճանապարհով իշխանության գալը:

2012-ին կուսակցությունը եւս մեկ անգամ կոալիցիայի անդամ է դառնում, այս անգամ «Վրացական երազանք» կուսակցության հետ, ինչի արդյունքում Դավիթ Ուսուփաշվիլին դառնում եւ մինչ օրս հանդիսանում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ։ 2016թ․ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ներկայացել է 135 հոգանոց ընտրացուցակով:Usupashvili-1-31f6lntk2vf05l0pgkv8cq Կուսակության ղեկավարն է Դավիթ Ուսուփաշվիլին: Նա ծնվել է 1968թ մարտի 5-ին։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետեւ սովորել ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի հանրային քաղաքականության ինստիտուտում: Ուսուփաշվիլին հանդիսացել է նաեւ նախագահի հակակոռուպցիոն աշխատանքային խմբի գործադիր քարտուղարը: Ուսուփաշվիլին նաեւ դասավանդել է ԹՊՀ-ում եւ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասիոցիացիայում:

ashotԱյս ընտրություններում հանրապետականները Նինոծմինդա-Ախալքալաքում մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու ունեն։ Աշոտ Սահարյանի ամենակարևոր նախընտրական խոստումը աղքատության վերացումն է․ «Ինձ համար ամենակարևորը դա ժողովրդին համատարած աղքատությունից ազատելն է», – հայտարարել է թեկնածուն։ Աշոտ Սահարյանը ծնվել է 1985 թվականին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալասարանի Ախալքալաքի մասնաճյուղում: Հանդիսանում է Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, ընտրված Գումբուրդո գյուղից: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: «Հանրապետականները» ընտրություններին մասնակցում են 6 համարի ներքո: Կուսակցության կարգախոսն է՝ «Ազատվենք»:

 

Թողնել պատասխան